Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԽԱՉԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ․ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

Կյանքի 86-րդ տարում  լույսի ու հավերժի ճամփորդ դարձավ  Սարուխանի նվիրյալ որդին՝ Խաչիկ Ենգիբարյանը, ում համար միշտ թանկ է եղել իր հայրենիքը, հայրենի պատմությունը, գիրն ու գրականությունը։

Խաչիկ Մաթեւոսի Ենգիբարյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 4-ին,  ՀԽՍՀ  Նոր Բայազետի շրջանի  Սարուխան գյուղում,  բազմանդամ ընտանիքում։ Ունեցել է 3 եղբայր, երեք քույր։  Հայրը եղել է մանկավարժ, դասավանդել է տեղի դպրոցում` որպես ռուսաց լեզվի ուսուցիչ եւ արժանացել Լենինի շքանշանի, իսկ մայրը եղել է տնային տնտեսուհի։ Սովորել է տեղի թիվ 1 դպրոցում, որն ավարտել է  գերազանց առաջադիմությամբ։

1957-1961 թվականներին սովորել եւ ավարտել է Նոր Բայազետի բժշկական տեխնիկումը՝ բուժակ մասնագիտությամբ։ 1963 թվականին ընդունվել է Երեւանի պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիա բաժինը, որը ավարտել է 1970 թվականին։ Նույն թվականին Խաչիկ Ենգիբարյանին ԵՊՀ-ից գործուղել են Կալինինո՝ մանկավարժական աշխատանքի, իսկ հետո 3 տարի աշխատել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի առաջին միջնակարգ դպրոցում` որպես քիմիա եւ կենսաբանություն առարկաների ուսուցիչ։

Խաչիկ Ենգիբարյանն իր աշխատանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի՝ որպես շնորհալի ուսուցիչ։  Նա մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է ստեղծագործական աշխատանքով՝ հեղինակելով  բազմաթիվ բանաստեղծություններ, հոդվածներ եւ պատմվածքներ։ 1975 թվականին աշխատել է Երեւանի թիվ 113 դպրոցում, որից հետո՝ թիվ 99 դպրոցում։ Դասավանդմանը զուգահեռ աշխատել է Սպանդարյանի շրջանի սանէպիդկայանում։

Խաչիկ Ենգիբարյանն ամուսնացել է 1974 թվականին, մանկավարժ եւ դաշնակահար Անուշ Գուրօղլյանի (Ենգիբարյան) հետ, ունեցել է 2 տղա եւ մեկ աղջիկ։ Այնուհետ  Սարուխան գյուղի թիվ 2 դպրոցում աշխատել է մոտ 23 տարի՝ դասավանդելով  քիմիա եւ  կենսաբանություն առարկաները։ Դրան զուգահեռ  աշխատել է նաեւ որպես զբոսավար եւ մեթոդիստ զբոսաշրջային ընկերությունում, որտեղ շփվել  է տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ուղեկցել է բազմաթիվ զբոսաշրջիկների, եղել է նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում։

Խաչիկ Ենգիբարյանը եղել է Գավառում, նախկին Կամո քաղաքում,  լույս ընծայվող «Խալդ» թերթի հիմնադիրն ու խմբագիրը, որը հրատարակել է սեփական միջոցներով, եւ որտեղ լույս են տեսել նրա բազմաթիվ գործեր՝ հոդվածներ, բանաստեղծություններ, հարցազրույցներ, հերոսական պատմություններ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոսների մասին, անհայտ եւ բացառիկ պատմություններ հայ հայտնի գրողների եւ արվեսագետների՝ Սերո Խանզադյանի, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի հետ ունեցած հանդիպումների մասին։

Նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետության տարբեր թերթերում ու ամսագրերում՝ «Գեղամա աշխարհ»,  «Սովետական դպրոց», «Գրական թերթ», «Ավանգարդ» եւ «Գարուն» ամսագիր։ «Գեղամա աշխարհ» թերթին թղթկցելով՝ նա ընտրում էր հետաքրքիր, բազմաբովանդակ թեմատիկա։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որպես կամավոր, հաանդես է եկել տարբեր նախաձեռնություններով։

2024 թվականին Երեւանի «Հայաստան» հրատարակչությունում հրատարկվել է Խաչիկ Ենգիբարյանի «Իմ աշխարհը» վերնագրով գիրքը, որը բաղկացած է 2 բաժնից՝ արձակ էջեր եւ պոեզիա, որում ներառված են հեղինակի հրապարակախոսությունները, բանաստեղծություններն ու խորհրդածությունները հայ գրի եւ գրականության, իր ծննդավայր Սարուխանի, նրա մարդկանց, բնության եւ պատմական փաստերի մասին։ Ուսումնասիրել է բազմաթիվ պատմական դեպքեր եւ իրադարձություններ ինչպես իր բնակավայրի, այնպես էլ հայոց աշխարհի ու հայերի անցյալի ու պատմության մասին։

Խաչիկ Ենգիբարյանը առաջինն էր, ով հասկացավ երկարամյա պատմություն ունեցող Սարուխան գյուղի պատմահնագիտական թանգարան հիմնելու անհրաժեշտության ու կարեւորության մասին, եւ նրա ջանքերով իր ծննդավայրում հիմնվեց պատմահնագիտական թանգարան, որտեղ առկա են պատմական փաստեր ու արժեքներ ներկայացնող հազվագյուտ եւ բացառիկ ցուցանմուշներ, խաչքարեր։

Խաչիկ Ենգիբարյանը մահացավ 2026 թվականի հուլիսի 26-ին՝ բազում հետաքրքիր ու յուրօրինակ մտահղացումներն ու անելիքները կիսատ թողնելով։

Նա մտքով ու հոգով կապված էր նաեւ «Գեղամա աշխարհ» թերթի  հետ, ուստի եւ մենք էլ կորցրեցինք մեր լավագույն բարեկամին ու ընկերոջը, անխոնջ ստեղծագործողին, հայերենասեր ու մարդասեր մարդուն, ում հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։

 

Սարուխանի  վարչական ղեկավարի աշխատակազմ

Սարուխանի թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջնակարգ դպրոցների կոլեկտիվներ

«Գեղամա աշխարհ» թերթի խմբագրակազմ

82 դիտում