
Սուսաննա Ղազարյանն արդի հայ գրականության ճանաչված դեմքերից է, ով արդեն հասցրել է ընթերցողի սեղանին դնել բանաստեղծական վեց գիրք։
Նա ծնվել է 1984 թվականին, Արմավիրում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ԵՊՄՀ բանասիրության ֆակուլտետում, հետո եղել է հայցորդ՝ նույն բուհում։
Գրական փորձեր արել է դեռևս 13 տարեկանից։ Առաջին անգամ նրա երկու պատմվածքները 2008 թվականին տպագրվել են «Նոր-Դար» հանդեսում։ 2009 թվականին տպագրել է առաջին գիրքը՝ «Վերադարձ դեպի արևը» վերնագրով։ Երկրորդ գիրքը տպագրվել է 2015 թվականին՝ «Վաղը կգա…» վերնագրով։ Երրորդ գիրքը՝ «Թռիչք»-ը, հրատարակվել է 2019 թվականին։ Չորրորդ գիրքը՝ «Սե՛ր իմ, Հայրենիք»-ը՝ ընթերցողի սեղանին է դրվել 2021 թվականին։ Հինգերորդ գիրքը տպագրվել է 2024 թվականին, իսկ վեցերորդը` «Ամբողջացրու ինձ…», 2025 թվականին։
Սուսաննա Ղազարյանը եղել է «Գրական կյանք» թերթի խմբագիրը, «Նոր-Դար»-ի վերստուգող խմբագիր, իսկ հիմա «Հայրենիքի ձայն» թերթի խմբագիրն է։ Խմբագրել է մի շարք գրքեր։
«Պարույր Սևակի» անվան, «Ալիսիա Կիրակոսյանի» անվան, «Գրականության և արվեստի» և մի շարք այլ գրական մրցանակների դափնեկիր է, «Հովհաննես Թումանյան» ոսկե մեդալակիր։
Սուսաննա Ղազարյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում հնչեղ քնարականությամբ, բանաստեղծական ուրույն ձեռագրով, Հին ու Նոր Հայաստանի, արարչագործ հայ մարդու կերպարի որոնմամբ ու փառաբանմամբ։ Նրա կերտած գրականությունից ճառագում է հզոր հայրենասիրություն, անապական ազնվություն ու մարդասիրություն, հույսով ու հավատով լեցուն կենսասիրություն։
Սուսաննա Ղազարյանը «Գեղամա աշխարհ» թերթի ընթերցողներին ներկայանում է առաջին անգամ։
Գեղամա աշխարհ

ՀԱՅԱՍՏԱՆ
Ուրցի բույր ունի երկիրս
Եվ համ ունի մեղրահացի,
Քարե մագաղաթ է գիրը,
Քարի տակ հոգոց է լացի:
Սարե բերդ է իմ երկիրը,
Լեռան ծանրությունը ունի,
Ուր գոչում են ժայռն ու վիհը,
Ձայնակցում է չուն թռչունի:
Գութանի երգ ունի շուրթին,
Կրակի բոց` ծաղկած թոնրում,
Ամեն տան երդիկ-կտուրից
Ծխանի ծուխն է ելանում:
Ամեն շեն իր հոգսը ունի,
Պանդուխտը կանչ ունի արյան,
Երբ դիպչում է շողն արևի
Սրբազան հողին Նաիրյան:
ՉԱՐԵՆՑՅԱՆ
Իմ բառերը դաշույնի պես պիտի փայլեն,
Սրալեզու թրի նման կտրեն պիտի,
Ես չեմ եկել անկյուններում կո՛ւչ գամ, լռե՛մ,
Թող իմ բառը ճշմարտության հուրը լինի…
Իմ բառերը բալասան ու բո՛ց պիտ լինեն,
Փլատակեն տաճարները անարգ ստի,
Ճշմարտության ապարանքներ պիտ կառուցեն,
Հոգիներին բաշխեն լույսը երանելի։
Խենթ բառերս պիտի հնչեն ամեն բեմից,
Կուլիսներում թող պահ մտնեն առնետները,
Չեմ վախենում ես մահացու կախաղանից,
Թող հավերժի իմ Չարենցյան խիզախ գենը։
ԱԶԱՏՈւԹՅՈւՆ
Տանիքների վրա մայրամուտը կարմիր
Իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում,
Դու քո այգալույսի շեկ նժույգը հեծի՛ր,
Լսի՛ր, թե ինչպես է նա աշխույժ վրնջում:
Գնա անխախտ կամքով դեպի արևն անմեռ`
Լքած ունայնության մահիճը մշուշոտ,
Գնա այնտեղ, որտեղ եղել է ցուրտ ձմեռ,
Եվ դաշտերը, ավա՜ղ, ներկվել են արյունով:
Համառորեն անցիր սահմանը նենգ վախի,
Մատնահարի՛ր` երկնի աստղերը թող վառվեն,
Քո խիզախ նժույգին էլ ոչ ոք չի հաղթի,
Բա’ց թող երազներդ, թող կապույտում ճախրեն…
ՀՐԵՇՏԱԿԻՑ ՄԱՔՈՒՐ
Աստղափոշի՛ ցանիր Հարդագողի ճամփին,
Խորտակված երազով կնոջ սիրտը ե՛տ առ,
Նա տվել է քամուն, բաշխել է աստղերին,
Մնացել է մենակ, և հոգին է տկար։
Խի՛նդ բեր պաղ օրերում՝ անարև ու մռայլ,
Որ մթին է այնպես, ասես չի՛ լուսացել,
Լուսնի մռթից կախվել ու ոռնում է մի գայլ.
Այդ մենավոր կինը երբեք չի՛ հարսնացել։
Ճերմակ անուրջնե՛ր բեր, ճերմակ-ճերմակ շորե՛ր,
Թող շղարշե մարմնին իջնի ձյունը տաքուկ,
Գրկի՛ր նրան այնպես, ասես բաց չես թողել,
Ու թող զգա իրեն հրեշտակից մաքուր։
ՀԱՅԱՑՈՒՄ
Գառնու տաճարից մեր հուրը վառենք
Եվ Մայր Արաքսից խմենք մի ումպ ջուր,
Մեր Արարատից մի բուռ հող առնենք`
Խառնելով իրար կարոտ ու անուրջ…
Ծիրանի ոսկե պտուղը քաղենք,
Դաշտերից բերենք ուրցի անուշ բույր,
Կապույտ Սևանի սեգ վանքում ծնկենք
Եվ խառնենք իրար աղոթք ու մրմունջ…
Լուսավորչի հին կանթեղը պահենք,
Նարեկացու հետ խնդրենք թողություն,
Քուչակի սրտից Հայրեններ հանենք`
Խառնելով իրար սեր ու հոգնություն։
Հովիվը հանդարտ փչի իր շվին,
Ժամհարն օրհնության զանգը հնչեցնի,
Շարականների շշուկը դեղին`
Գա, խառնվի մեր ՈԳՈՒՆ ՀԱՅԵՑԻ…
ՆՈՒՅՆ ԵՐԱԶՈՎ…
Իջեք, իջեք, երազներ,
իջեք զգո՜ւյշ, երազներ,
շոյող, անո՜ւշ, երազներ,
իջեք քնքո՜ւշ երազներ…
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ
Անձրևից առաջ հագի՛ր բաց կապույտ բաճկոնակը քո,
Եկ նստենք խաղաղ աստղերից փայլող լճակի ափին…
Լսենք՝ ինչպե՞ս է գիշերահավքը երգում անվրդով
Եվ մտաբերենք ջրերում ապրող աստվածներին հին։
Պատմի՛ր, ինչպե՞ս էր աղջկան հպված՝ դողում աբեղան,
Ինչպե՞ս էր սիրո աղոթք շշնջում վանականը ծեր,
Նրանք արգելված, բայց քաղցր սիրո զոհերը եղան,
Որ մենք փայտ դնենք սիրո կրակին՝ մշտաբորբ ու ջերմ։
Որ էլ սրտերը այդքան հեշտորեն չկորցնեն իրար,
Որ ականջ դնեն հին աստվածների զրույցին անխոնջ,
Իմանան՝ ինչպես աբեղան սիրո երազը գտավ,
Եվ ինչպես ենք մենք հիմա էլ ապրում այդ նույն երազով…
ԻՆՁ ԱՍՈ՛ՒՄ ԵՆ…
Ե՛ս, որ երազում եմ ծով ու երկինք կապույտ,
Իմ թևերի վրա արևն եմ պահում վառ,
Ինձ ասում են` փակվի՛ր հին Ագռավաքարում,
Այրի՛ր երազներդ, տո՛ւր քամուն խելագար…
Ե՛ս, որ թռչնի թևով սավառնում եմ անվերջ,
Հասնում Էրզրում ու Վան, Գանձասար ու Բերձոր,
Ինձ ասու՛մ են` կտրի՛ր թևերդ սնամեջ
Եվ օրերդ քա՛րշ տուր վանդակում ցանցավոր։
Ե՛ս, որ ժայռ եմ ամուր, ապառաժ եմ քարե,
Ինձ ասո՛ւմ են` կա՛վ ես, կփշրվե՛ս մի օր,
Ականջ չե՛մ դնելու ձայներին կապարե,
Ես ՀԱՅԿՅԱՆ ՄԵԾ տոհմի դիցուհին եմ հզոր։
ՏԱ՛Ր ԻՆՁ…
Տա՛ր ինձ կիսավեր տաճարները մեր,
Սիրո աղոթքներ թո՛ղ որ մրմնջամ,
Թող հոգիս թևի արևից էլ վեր,
Հրեշտակի հետ, որ նստեմ սեղան։
Որ աղ ու հացը լինի օրհնված,
Ցուրտը նահանջի մեր հոգիներից,
Խոսենք օրերից անցած-գնացած,
Մի քիչ համ առնենք Աստծո նշխարքից։
Քեզ հետ կշրջեմ ես ոտաբոբիկ.
Իմ ուխտավորի ցուպն ամուր գրկած,
Սիրո աղոթքը թող հասնի երկինք,
Որ սե՛րը, սե՛րը համարենք փրկված…
ՈՒ ԱՆԷԱՆԱՄ…
Գնամ դաշտերից կարոտս փնջեմ, դրասանգ կապեմ,
Ծանոթ առվի մոտ թինկ տամ հոգնաբեկ հնձվորի նման,
Իրիկվա հովի բերած բույրերից մի փոքր արբեմ
Ու մոռացության մշուշների մեջ լուռ անէանամ…
Խաղաղվեմ, ինչպես ալիքվող ծովը ալ մայրամուտին,
Զգամ՝ ինչպես են կաթիլներ հորդում լուսաշիթերից,
Աչքերս գոցեմ, լողամ անձրևի ոսկե ջրերում
Ու անէանամ՝ մենավոր երգս թողած անհունին։
Անհունից գուցե մեկը իմ երգին ձայնակից լինի,
Երգս տարածվի արծաթ դաշտերի, ջրերի վրա,
Կարոտից հյուսած իմ դրասանգը ծաղկունքով
հինի,
Ու անէանամ՝ ծաղկաբույր օրվա թևերի վրա։
ԱՅՈ՛, Ա՛ՅՍ Է ՆԱԻՐԻՆ
Նույն թռչունն է երգում` գարունը շուրթերին…
Ու զանգերն են հնչում` հին ու կարմիր վանքի,
Ես ինձ հարց եմ տալիս` այս չէ՞ արդյոք Նաիրին`
Բազմած լեռների մեջ ու ձորերում վայրի։
Ո՛չ, դու բնավ միֆ չես և ո՛չ էլ ցնորք ես…
Դու կա՛ս, դու ապրո՛ւմ ես, սի՛րտդ է տրոփում,
Կրծքիդ խորին խորքում մի հինավուրց վերք է,
Որ բացվում է հաճախ և արյուն է հոսում։
Դու կա՛ս, դու ապրո՛ւմ ես` հոգիներում պայծառ,
Որ հավատի թուրմ են խմում ամեն գիշեր։
Բարձրանո՛ւմ են, ելնո՛ւմ ճամփաներդ անծայր`
Տանելով Դադիվանք, Ամարաս ու Քիրս լեռ։
Դու կա՛ս, դու ապրո՛ւմ ես երակներում ցեղի,
Ո՛չ, դու ոչ ցնորք ես և ո՛չ էլ միֆ բնավ,
Ճամփաներդ փոշոտ տանելու են էլի`
Դեպի Սիս ու Անի, դեպի Բիթլիս ու Վան։
Նույն թռչունն է երգում` գարունը շուրթերին,
Նույն զանգերն են հնչում` հին ու մամռած վանքի,
Ես ասում եմ` ահա՛, այո՛, ա՛յս է Նաիրին`
Բազմած լեռների մեջ ու ձորերում վայրի։
ԹՈՂ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԼԻՆԵՄ…
Թող քեզ համար լինեմ կինը անապատի,
Ում մաշկն ավազաբույր արևայրուք ունի,
Թափառական քամին թող ինձ իր հետ տանի՝
Դեղին անդարձություն, որ վերադարձ չունի։
Քամուց փախչող շորս՝ ճերմակ ու թափանցիկ,
Թող պիրկ կուրծքս բացի՝ շեկ արևին հմա,
Գուցե նաև այդժամ հենց դու գաս ինձ այցի,
Ու մատներիդ դողը կրծքիս հևքով զգամ…
Թող որ լինեմ կինը անհայտ անապատի
Եվ իմ հմայքներով քեզ անվերջ կախարդեմ,
Ուր ոչ ոք այլևս մեզ էլ չի գա այցի,
Եվ էլ չի կեղեքի ժամանակը անդեմ։
Թող քեզ համար լինեմ կինը անապատի..
ՔԵԶՆՈՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ…
Երկար նավեցի ծովում ալեկոծ,
Կտրեցի, անցա անապատը բարկ,
Բայց իմ լեռներն են հոգուս անչափ մոտ
Եվ իմ գետերը` կայտառ ու զվարթ…
Լսեցի թռչնի դայլայլ անսովոր,
Օտար քամիներ կուրծքս շոյեցին,
Բայց իմ սոխակի երգն է ամոքող
Եվ իմ ծառերի շրշյունը մեղմիկ։
Գուցե տրոփեց սիրտս ինչ-որ տեղ,
Գուցե խլրտաց ներսումս մի բան…
Բայց քո գրկում եմ անհաղթ ու զորեղ,
Քեզնով եմ ապրում, Հայաստա՛ն աշխարհ։
Սուսաննա Ղազարյան