
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի «Ընտանեկան բռնության կանխարգելում գեղանկարչության միջոցով» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը։
Ինչպես տեղեկացրեց Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը, ցուցահանդեսը եղել է յուրօրինակ փորձ՝ արվեստի լեզվով բարձրաձայնելու ընտանեկան բռնության կանխարգելման կարևորությունը։ Ներկայացված կտավները լի էին մարդկային ներքին ուժի, հույսի, տոկունության և հոգեբանական վերականգնման խորիմաստ թեմաներով։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ակտիվ քննարկում Գեղարքունիքի մարզի Կանանց աջակցման կենտրոնի համակարգողի մասնակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ընտանեկան բռնության երևույթին, առկա խնդիրներին և իրավական ու հոգեբանական պաշտպանական մեխանիզմներին։
«Միջոցառմանը մասնակցեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի աշխատակիցները՝ կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասսադի Մովահեդի գլխավորությամբ։ Մովահեդը, բարձր գնահատելով ցուցահանդեսի գեղարվեստական ու սոցիալական նշանակությունը, պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել այն նաև Իրանում կազմակերպելուն։ Ներկաները շատ գոհ ու հոգեպես հարստացած հեռացան ցուցահանդեսից»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։
Խոսրով Խլղաթյան