
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել Գավառի թիվ 1 հիմնական և Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցների կառուցման նախագծերի տեղակապման վերաբերյալ հանրային լսում։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսմանը մասնակցել են դպրոցների կառուցման ծրագրերի պատվիրատու հանդիսացող «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի», նախագծող կազմակերպության, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, վերոնշյալ դպրոցների, ՀՈԱԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի տեղակապման աշխատանքներին վերաբերվող հարցեր, հնչել կարծիքներ ու առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն վերջնական նախագծային փուլում։
Այս դպրոցների կառուցման հետ կապված այլ հարցեր կքննարկվեն հաջորդիվ կազմակերպվող հանրային լսումների ընթացքում։
«Գավառի թիվ 1 հիմնական ու թիվ 7 միջնակարգ դպրոցների գործող շենքերը կառուցվել են ավելի քան կես դարի վաղեմությամբ ու արդիականացման խիստ կարիք ունեն։ Նոր շենքերը կկառուցվեն դպրոցական նույն շենքերի տեղում, «ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ