
2025թ-ի հուլիսի 26–ին Սևան քաղաքում տրվել է սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը, ու մեկ տարվա ընթացքում այն հաջող քննություն է բռնել։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, շուրջ 300000 եվրոյին համարժեք աջակցության շրջանակում Սևանին նվիրաբերվել է եվրոպական արտադրության 1680 թափոնաման և մեկ VOLVO մակնիշի բեռնատար թափոնատար ավտոմեքենա։
Տեսակավորված աղբը սանիտարական աղբավայր է տեղափոխվում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին Սևան համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը:
«Թափոնների տեսակավորումը սկսվում է տնից։ Սևանցիները պետք է առանձնացնեն թափոնները և հետո գցեն համապատասխան թափոնամանների մեջ։ Կապույտի մեջ՝ պլաստիկ, թուղթ, մետաղ, իսկ կանաչի մեջ՝ միայն ապակի։ Սևան քաղաքում տեղադրված կանաչ և կապույտ թափոնամաններից որոշները հանվել են։
Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն իրականացնում է թափոնների տեսակավորման իրազեկման և տեսակավորումը խրախուսող միջոցառումներ և նախաձեռնություններ։ Սևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է միանշանակ ընդունի, որ Սևան քաղաքին նվիրաբերված թափոնամանները համայնքի սեփականությունն են և պահանջում են սրտացավ, պատասխանատու վերաբերմունք և մոտեցում: Մենք ունենք շատ հաջողված օրինակներ, որոնք դրսևորել են ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ քաղաքացիները։ Նրանք ծրագրին ոչ միայն մոտեցել են լրջորեն, այլ նաև հանդես են բերել նախաձեռնություններ։ Նախ ուզում եմ շնորհավորել մեր բնակիչներին՝ մեկ տարվա դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար։ Եվ այն մշակույթը, որը ամուր ծիլեր է գցել մեր համայնքում, արդեն հետընթացի ճանապարհ չունի։ Իսկ առաջիկա տարիներին մենք այս ոլորտում կարձանագրենք նոր ձեռքբերումներ, նոր մոտեցումներ՝ ապակիների, պլաստիկների, այլ թափոնների հետ մեկտեղ կատարելով նաև օրգանիկ սննդի տեսակավորում, անելով այնպես, որ հնարավորինս պակասի թափոնների մուտքը դեպի աղբավայր»,-նշեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։
Սևանում մեկնարկած սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, որն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։
Գեղամա աշխարհ