Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանի մանկապարտեզներում ավարտվեցին հրաժեշտի հանդեսները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մանկապարտեզներում ավարտվել են հրաժեշտի հանդեսները, իսկ առաջիկա սեպտեմբերին արդեն իրենց կրթօջախներին հրաժեշտ տված երեխաները կհաճախեն դպրոցներ կամ նախակրթարաններ։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ամեն մի հաստատություն յուրովի է  նախապատրաստվել փոքրիկների կյանքի մեծ տոնին, իսկ նրանք էլ պատասխանատվությամբ են  ներկայացրել  տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որոնք ուղեկցվել են  սցենարային հետաքրքիր, մեկը մյուսից տարբերվող լուծումներով ու անցումներով:

«2026-2027 ուստարում Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններից դպրոց է հաճախելու 280 երեխա, որից՝ 144 տղա, 134 աղջիկ:

Նրանցից  դպրոցների նախակրթարաններ է հաճախելու 64 երեխա՝ 35 տղա, 31 աղջիկ:

2026 թվականի մարտ ամսից, «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում իրականացվում են «Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» և «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգման աշխատանքները:

Նույն ծրագրի շրջանակներում «Սևան համայնքի Զովաբերի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից:

Սևան համայնքում գործող 11 նախադպրոցական ուսումնական հաստատություններում  2017 թվականից ծնողական վարձավճարները զրոյացված են,դրանք  գործում են անվճար հիմունքներով: Մանկապարտեզների ամբողջ ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա աշխարհ

2 դիտում