Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսի քաղաքային մանկական գրադարանը համալրվել է նոր գրքերով

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մանկական գրադարանը համալրվել է նոր գրքերով։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս Վարդենիսի քաղաքային մանկական գրադարանը հյուրընկալել է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին և անվանի գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանին։

Այցի ընթացքում հյուրերը շրջայց են կատարել  գրադարանում, ծանոթացել  գրադարանի պատմությանը, գործունեությանը և առօրյա աշխատանքին։ Հանդիպման ընթացքում խոսվել է  գրադարանների միջև հետագա համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։

Հյուրերը գրադարանին նվիրել են  նաև գրքեր՝ համալրելով գրադարանի գրքային ֆոնդը։

Հանդիպմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցները, Վարդենիսի քաղաքային գրադարանի և քաղաքային մանկական գրադարանի աշխատակիցները, ինչպես նաև ընթերցողներ։

Հանդիպումը շարունակվել է ջերմ և անմիջական զրույց-քննարկմամբ։ Ներկաները հնարավորություն են ունեցան շփվելու հյուրերի հետ, հարցեր ուղղելու և քննարկելու գրքի, ընթերցանության ու գրադարանների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Գեղամա աշխարհ

2 դիտում