Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի վետերանը հետմահու պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով

 

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան  Հրաչիկ Պապեյանին հետմահու ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով  շնորհվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալ։ 

Գեղարքունիքի մարզի  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  2025 թվականի հոկտեմբերի 1-ին Հրաչիկ Պապեյանը՝ Մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանը և մեծ գերդաստանի նահապետը, պատրաստվում էր բոլորել իր կյանքի մեկ դարը, սակայն վերջերս կնքեց իր մահկանացուն՝ թողնելով մեծ սեր ու հարգանք, հսկայական ներդրում մեր հայրենիքի պաշտպանության, կառուցման ու զարգացման գործում։

Վերջերս Լիճք գյուղում բնակվող Պապեյանների ընտանիքին այցելել են  Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը, ովքեր  շնորհավորել ու  հանձնել են ՀՀ  Պաշտպանության նախարարի պարգևը՝ «Նելսոն Ստեփանյան» մեդալը։

Մարտունի համայնքի ղեկավարը, զինվորական կոմիսարը և բնակավայրի վարչական ղեկավարը  վետերանի հարազատներին փոխանցեցին իրենց խորին հարգանքն ու երախտիքը՝ ուղղված մեր երկրի խաղաղության կերտման գործում հերոսաբար պայքարած, հայրենիքը ատամներով պաշտպանած ու հաղթանակով հայրենի գյուղ վերադարձած, ընտանիք ու տուն կառուցած, զավակների ու թոռների ներկայությամբ, հոգածությամբ հասակն առած և բոլորիս ներսում հպարտության ջահ վառած, բոլորիս համար անմահ մնացած մարդուն,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

16 դիտում