Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի բերդ-ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները, որոնք մեկնարկել էին 2024 թվականի ապրիլին և ընդհատվել նույն տարվա հունիսին։ Հնագիտական պեղումներ իրականացնող արշավախումբը ղեկավարում է հնագետ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ աշխատակից Լուսինե Ալեքսանյանը։
Հնագիտական արշավախմբի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ Լևոն Մկրտչյանի հավաստմամբ՝ Բերդկունքի ամրոցի պեղումները կշարունակվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։
Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցը բազմաշերտ հուշարձան է, որը հիմնվել է մ․թ․ա

․19-18-րդ դարերում ու գործել հազարամյակներ շարունակ։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ»։
Նախորդ տարվա պեղումների և դիտարկումների արդյունքներն ի մի բերելով, հնագետ Լևոն Մկրտչյանը ներկայացնում է ամրոցի առանձնահատկությունները և պատմամշակութային նշանակությունը։
Ամրոցը ցամաքային մասում զուրկ է տեսանելիությունից։ Անգամ Գավառ-Սևան նորակառույց ճանապարհից այն մասնակի է երևում։ Պատմական ճանապարհն անցնում է քարքարոտ բլրակների արանքով՝ հասնելով դեպի Սևանա լիճ տանող ժայռոտ մի հրվանդան, ինչը խոսում է այն մասին, որ ամրոցի ուղին եղել է ժայռափոր թունելնով։ Այժմ էլ պահպանվել են փորված ուղիները ժայռի մեջ։ Ամրոցը բաղկացած է դղյակից, առանձին սենյակներով համալիրից և մշակված ծովախորշից։ Դղյակը տիպիկ է Բագրատունայց ժամանակաշրջանի նմանատիպ կառույցներին, որոնք պարսպապատերին ունեին կիսաբոլոր աշտարակներով հզորացումներ։ Իսկ ջրային հատվածում դիրքային առավելություն ստանալով՝ ամրոցն ամբողջությամբ վերահսկում է Սևանի ավազանը։ Այն նաև տեսողական կապի մեջ է Արտանիշի թերակղզու վրա գտնվող ամրոցի հետ։ Հավանաբար, հենց սրա հետ էլ կատարվել է նավագնացություն։
Բացի այդ, ամրոցը հյուսիսում ունի ժայռի մեջ փորված խորշ, ինչը հավանաբար նավերի կայանման համար է արված։ Խորշի արևելյան ամսում՝ հրվանադանի ամենաբարձրադիր վայրում, պահպանվել են բոլորաձև շինության հետքեր, որը հավանաբար եղել փարոս։ Միջնադարյան ամրոցի տեղում եղել է III հազարամյակի բնակատեղի։
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում փորձելու ենք պեղել պարսպապատը, որը մեր կարծիքով, իրենից ոչ այնքան պարսպապատ է ներկայացնում, որքան՝ մոնումենտալ շինություն, դղյակի տեսք հիշեցնող։ Փորձելու ենք պեղել նաև փարոսի հատվածը, որտեղ նկատվում է մուտք և աստիճանների հետքեր։ Կարծում ենք, որ պեղումները կշարունակվեն նաև մոտակա տարիների ընթացքում, մինչև որ վերջնական տեսքի կբերվի ամրոցի բուն կառուցվածքն ու հատակագիծը,-ներկայացրեց Լևոն Մկրտչյանը։
Բերդկունքի բերդ-ամրոցը պեղումների վերջնական ավարտից հետո, ըստ պետական ծրագրի, կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի։
Խոսրով Խլղաթյան