
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս օրերին սկսվել և ընթանում են Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 660 գծամետր տարածք ընդգրկող փողոցներում այժմ ընթանում են ենթածրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների տարբեր փուլերը:
Ելենովկա փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 53572700 դրամ, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման համար՝ 66592620 դրամ, Աշոտ Երկաթ փողոցի հիմնանորոգման համար՝ 111312680 ՀՀ դրամ՝ կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
«Արդյունքում ևս երեք փողոց կդառնա ներկայանալի, համրարավետ ու անվտանգ՝ լրացնելով ճանապարհաշինական ենթածրագրերի շարքը:
Ճանապարհաշինական այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ ասֆալտապատվել են Սևան քաղաքի Խաղաղության, Բաբաջանյան և Կոմիտաս փողոցները:
Այս փողոցներում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական և բանուկ հատվածներից առավել հեռու, տասնամյակներ շարունակ չեն իրականացվել ասֆալտապատման աշխատանքներ:
2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրով հերթը հասավ նաև «հեռավոր» փողոցներին, որոնք օրեցօր ստանում են բարեկարգ և ներկայանալի տեսք»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Գեղամա աշխարհ