
Գեղարքունիքի մարզի հարավարեւմտյան կողմում, Գեղամա լեռնաշթայի բարձունքներից մեկում վեր է խոյանում Իլիկավանքը կամ Պառավավանքը, որը հեռվի ցածրություններից առանձնակի շուք է տալիս իրեն շրջապատող լեռնաստանին։
Այն հազարամյակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի կարևոր ու ճանաչված սրբատեղիներից եւ ուխտավայրերից մեկը։ Պատմաճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքում, ծովի մակերեւույթից մոտ 2200 մետր բարձրության վրա։
Ըստ տարածված ավանդազրույցի՝ հոգեւոր այս կառույցն իր անվանման երկու տարբերակները ստացել է այն պատճառով, որ կառուցվել է մի բարեպաշտ տարեց կնոջ խնայված փողերով, որը նա աշխատել է իլիկով թել մանելով։ Դժվար է ասել, թե որքան ճշմարտություն կա այս ավանդազրույցի մեջ, սակայն ավելի ճշմարիտն այն է, որ այդ վանքի տարիքը պառավի տարիքից էլ շատ ավելի շատ է՝ հիմնված անհիշելի ժամանակներից։

Իլիկավանքում տարբեր տարիներին հնագիտական ու ճարտարապետական ուսումնասիրություններ են կատարել հնագետներ Ստեփան Մնացականյանը, Վահագն Գրիգորյանը, Սիմոն Հակոբյանը, Հովիկ Սանամյանը, այլ մասնագետներ։ Ոմանք այն համարում են 7, ոմանք՝ 9-րդ դարերի կառույց՝ հանդես գալով տարբեր հիմնավորումներով։ Իր գոյության տեւական դարերի ընթացքում այն քանիցս ենթարկվել է ձեւափոխությունների կամ նորոգումների։ Իլիկավանքի մասին հիշատակել է Ղևոնդ Ալիշանը։
Ստեփան Մնացականյանը մեր իրականության մեջ եղել է առաջին ճարտարապետը, ով անդրադարձել է այս վանքի ճարտարապետական առանձնահատկություններին։ Նրա ուսումնասիրությամբ՝ Իլիկավանքը համարվում է յոթերորդ դարի կառույց։ «Պահպանվել են գմբեթը և գմբեթակիր կամարներն իրենց հենարաններով: Գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթ անցումն իրականացված է երկաստիճան տրոմպների միջոցով: Քանդված խաչաթևերի պատերն ուշ միջնադարում փոխարինվել են ճեղքված բազալտից շարված պատերով, և հուշարձանը դրսից ստացել է ուղղանկյուն ուրվագիծ»,-նկարագրել է Ստեփան Մնացականյանը։
Իլիկավանքը 1983 թվականին ուսումնասիրել և վկայագրել է Վահագն Գրիգորյանը՝ նրա հիմնման թվագրությունն արդեն տեղափոխելով 9-րդ դար։

2002 թվականին եկեղեցին ուսումնասիրել և նկարագրել է Հակոբ Սիմոնյանը՝ 2001-2002 թվականներին Սևանի ավազանի հուշարձաններն ուսումնասիրող հայ-իտալական ծրագրի շրջանակում: Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի աջակցությամբ և Լանջաղբյուրի համայնքի միջոցներով 2010 թվականին կազմվել են Իլիկավանքի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Իլիկավանքը ներքուստ խաչաձև, արտաքուստ՝ քառանիստ-ուղղանկյունաձև հատակագծով, կենտրոնագմբեթ կառույց է: Ըստ Վահագն Գրիգորյանի՝ ամբողջությամբ ավերված խաչաթևերը վերականգնվել են հետագայում: Կառուցվածքի հյուսիսային և հարավային խաչաթևերն ունեցել են ոչ թե խորանային, այլ ուղղանկյուն լուծում, փոքր խորություն, ինչի հետևանքով կառուցվածքը ստացել է առանձնակի տեսք և որոշ չափով հեռացել հայկական ճարտարապետության մեջ հայտնի խաչաձև հորինվածքներից: Խաչաթևերի պատերն ուշ միջնադարում փոխարինվել են ճեղքված բազալտից շարված պատերով, եւ հուշարձանն արտաքուստ ստացել է ուղղանկյան ուրվագիծ: Գմբեթակիր կամարների հյուսիսային և հարավային թռիչքները 202 սմ են, իսկ արևելյանը և արևմտյանը՝ 220 սմ: Արևելյան խորանը կիսաշրջանաձև, մյուսները՝ ուղղանկյունաձև են:
Խաչաթևերը ծածկված են թաղերով, որոնք միանում են պատերի վերին մասերում ամրացված պարզ որմնախոյակների վրա հանգչող, գմբեթատակ քառակուսի կազմող կամարներով: Ներկա վիճակում արևմտյան խաչաթևն, ի տարբերություն մյուսների, ունի արևելք-արևմուտք շեշտված ձգվածություն, որի հետևանքով կառույցը հատակագծում ուղղանկյունաձև է` արևելք-արևմուտք ուղղվածությամբ: Ավագ խորանն արևելյան խաչաթևում է:

Իլիկավանքի թմբուկն ութանիստ է, ունի պատուհաններ արևելյան, արևմտյան և հարավային նիստերի վրա: Այն պսակված է կիսագնդաձև գմբեթով, արտաքուստ ծածկված ութանիստ բրգաձև վեղարով, որի լանջերը հանգչում են թմբուկը երիզող 25 սմ լայնությամբ պարզ քիվերի վրա: Ութանիստ թմբուկի անցումը հիմքում կլոր գմբեթին, իրականացված է նիստերի վերին անկյուններում տեղադրված ութ փոքր տրամպների միջոցով: Թմբուկի կամարաձև վերջավորությամբ արևելյան, արևմտյան և հարավային նիստերի վրա ձևավորված են պարզ տրամատավոր պսակներ: Միակ մուտքն արևմուտքից է:
Կառուցված է կրաշաղախով կապակցված, հիմնականում տեղական, հրաբխային ծագմամբ սև-դարչնագույն, սրբատաշ, իսկ ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտ քարերից և գետաքարերից: Պատերը ներսից ծածկված են եղել կրասվաղով, որոնց վրա պահպանվել են կարմիր ներկով կատարված զարդանախշի հետքեր: Հյուսիսարևմտյան տրոմպի մեջ պահպանվել են կարմիր գույնի ուղիղ գծեր, որոնք տրոմպի կամարը բաժանում են դեպի կենտրոն նեղացող հավասարասրուն անկյունների: Հյուսիսային պատին, խորշի կամարից վեր, պահպանվել է 9-10-րդ դարերին բնորոշ կավածեփ մի խորաքանդակ:

Ինչպես գտնում են ուսումնասիրող հնագետները՝ Իլիկավանքը ի սկզբանե եղել է հատակագծում խաչաձև, արտաքինից ուղղանկյուն խաչաթևերով կառույց, որի խաչաթևերը ներսից, բացառությամբ արևմտյան ձգված խաչաթևի, ունեցել են կիսակլոր խորաններ՝ ծածկված գմբեթարդներով: Ելնելով կառույցի հատակագծային առանձնահատկություններից և ծավալատարածական լուծումներից, ինչպես նաև պատմահամեմատական վերլուծությունից, նրանք փաստագրել են, որ եկեղեցին պատկանում է վաղ միջնադարյան խաչաձև, եռախորան, կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին և, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 6-7-րդ կամ 9-րդ դարում: Այն եղել է Գեղարքունիքի մարզի հնագույն՝ վաղ միջնադարյան մեկուսացված մատուռներից կամ անապատներից: Վերակառուցվել էր Լենկ Թեմուրի և Շահ Աբասի արշավանքների միջակայքում, այն է ՝ ուշ միջնադարում՝ 15-16-րդ դարերում, նախքան Շահ Աբասի կողմից հայ բնակչության տեղահանումը:
Իլիկավանքը վերականգնվել է 2011 թվականին, լանջաղբյուրցի գործարար Հրանտ Նալբանդյանի բարերարությամբ, Անդրանիկ Սարգսյանի ճարտարապետությամբ եւ Արմեն Ավետիսյանի շինարարությամբ։
Իլիկավանքի պատմությանն ու պատմամշակությանի նշանակությանն առանձնակի շուք են հաղորդում նրա շրջակայքում տարածվող կիկլոպյան դարաշրջանի ամրոցն ու հնագույն բնակատեղին։
Այն տարածվում է շուրջ 30 հեկտարի վրա, սարի երեք գագաթներին և մերձակա լանջերին:

Իլիկավանքի բերդշենը 1961 թվականին առաջինն ուսումնասիրել է հնագետ Գեդեոն Միքայելյանը, իսկ նրա հետ աշխատող Գուրգեն Գուրգենյանը և Վահագն Իսրայելյանը պատրաստել են միջնաբերդի հանույթը: 2001-2002 թվականներին բերդշենը հանգամանալից ուսումնասիրել է Սևանի ավազանի հուշարձաններն ուսումնասիրող հայ-իտալական արշավախումբը, որը ղեկավարել են հնագետներ Սիմոն Հմայակյանը և Ռաֆայելե Բիշոնեն: 2001 թվականին հուշարձանը չափագրել է ճարտարապետ Հովհաննես Սանամյանը, 2002-ին՝ Լուսինե Նիկողոսյանը, որոնց հետ աշխատել է գեոդեզիստ Ժորա Շեկյանը: Ճարտարապետական չափագրումների և թեոդոլիտային տեղահանույթի համադրությամբ կազմվել է բերդշենի գլխավոր հատակագիծը: Հակոբ Սիմոնյանը դասակարգել է բավականին հարուստ վերգետնյա գտածոները և դրանց հիման վրա կազմել հուշարձանի կառուցապատման և բնակեցման փուլերի ժամանակագրական սանդղակը: Առանձին հոդվածում նա դիտարկվել է բերդշենի կառուցապատման փուլերը և սկզբունքները։

Ըստ Գեդեոն Միքայելյանի կոմից կատարված ուսումնասիրման արդյունքների՝ Իլիկավանքի շրջակայքում երեւում են կիկլոպյան ամրոցի ու բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձր տեղամասում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Աարահարթի արեւմտյան լանջը թեք է եւ վերջանում է մոտ 20 մետր բարձրություն ունեցող քարային ուղղաձիգ զանգվածով, նրա ստորին մասում որոշակի երեւում են քարանձավների մուտքերը, որոնք լցված են քար ու հողով։ Պարզ երեւում են մուտքերի պատերը եւ նրանց ծածկերը, որոնք մեծ սալաքարերով են կառուցված։ Միջնաբերդը գրավում է բարձունքի առավել հարթ, սակայն գերիշխող մասը։ Ի տարբերություն մյուս ամրոցներում եղած միջնաբերդերի, այստեղ բնակարաններ ավելի շատ կան, ու դրանք կանոնավոր կերպով շարված են հիմնականում արեւելյան պարիսպների տակ՝ օգտագործելով պարիսպը որպես արտաքին պատ։Միջնաբերդի պարիսների վրա Գեդեոն Միքայելյանը հայտնաբերել է ինը աշտարակ, որոնք դասավորված են անկյուններում, մուտքերի մոտ եւ այն տեղերում, որտեղից ավելի լավ է երեւում շրջապատը։ «Բարձունքը, որի վրա գտնվում է ամրոցը, արեւմտյան կողմում բարձր է իր շրջապատից ավելի քան 150 մետր, դեպի արեւելք աստիճանաբար իջնում է մինչեւ հանդիպակաց լեռան ստորոտները, որտեղ կան բազմաթիվ դամբարաններ։ Բարձունքը դեպի հարավ ձգվում է մի քանի կիլոմետր, մինչեւ Գեղարքունիք գյուղը։ Արեւմտյան լանջը գրեթե ուղղահայաց թեքություն ունի։ Ամրոցն ավելի անխոցելի դարձնելու համար այն երեք կողմից շրջապատված է երեք, տեղ-տեղ 4 շարք պարիսպներով։ Միջնաբերդի առաջին ու հիմնական պարիսպը 5 մետր լայնություն ունի, մյուս շարքերի պարիսպներն աստիճանաբար նեղանում են։ Քարերը շարված են առանց շաղախի, երկշար, որոնց մեջ լցված է մանր քար ու խիճ։ Պարիսպների միջանկյալ տարածությունների վրա նկատելի են բազմաթիվ բնակարանների հետքեր։ Ամրոցն իր չորս պարիսպներով զբաղեցնում է մոտ ութ հեկտար տարածություն, իսկ միջնաբերդը՝ շուրջ 1 հեկտար։ Բացի դրանից, պարիսպներից դուրս կան մեծ քանակության բնակարանների ավերակներ, որոնք, անշուշտ, կապված են եղել ամրոցի հետ։

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Իլիկավանքի ամրոցն ունեցել է ջրամատակարարման համակարգ։ Նրա հարավարեւելյան ուղղությամբ, մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, կա երկու ամբարտակ, ուր ուր հավաքվել են ձնհալի, անձրեւների կամ հեռավոր աղբյուրների ջրերը՝ ամրոցն ու շենը ջրով ապահովելու ուղղությամբ։ Արտաքին՝ չորրորդ պարիսպը, որը շրջանցում է ամրոցը, ունի մուտք աջուձախ կողմերում, իսկ միջանկյալ պարիսպների ու գլխավոր պարսպի վրա կան հզոր աշտարակների հետքեր։ Ամրոցից դեպի հարավ ու հարավարեւելք կիկլոպյան տիպի բնակավայրերի հետքեր կան, որոնք զբաղեցնում են շուրջ 70 հեկտար տարածություն։ Այդտեղ նկատելի են պարիսպների հետքեր, որոնք շրջապատում են կամ ամբողջ բնակատեղին, կամ առանձին բնակարանների խմբեր։ Բնակատեղիներն իրենց շրջապատում ունեն դամբարանադաշտեր»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։ Վերջինիս կարծիքով՝ Իլիկավանքի ամրոցի ու շենի հետ ընդհանուր կապ կարող է ունենալ նաեւ Լանջաղբյուրի տարածքում գտնվող «Ձորի խարապա» կիկլոպյան բնակավայրը։
Ըստ հայ-իտալական միացյալ արշավախմբի ուսումնասիրության արդյունքների՝ աշտարակատիպ որմնահեցերը պարսպի զանգվածից դուրս են խոյանում 2,20-2,50 մետր և ունեն 7,5-8, մետր ճակատային լայնք: Արևմտյան հատվածում միջնաբերդի պարսպաշղթան անցնում է ուղղաձիգ կտրված ժայռի գագաթով: Հետագայում միջնաբերդն ընդարձակել են դեպի արևմուտք՝ մինչև բերդշենն օղակող երրորդ դարավանդ-պարսպաշղթան, որի արդյունքում այստեղ ձևավորվել է երկու շարք պարսպապատերով շրջափակված տարածք: Այս հատվածի պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար տարածքն արևելքից արևմուտք ձգվող ուղիղ պատաշարերով ջլատել են երեք մասի: Սրանցից կենտրոնականի վրա բացվում է բուն միջնաբերդից սկսվող ժայռափոր գաղտնուղին, որի մուտքը ձևավորված է մեծ սալաքարերով: Նախկին հետազոտողները, մոտ 20 մետր ուղղաձիգ կտրվածքով ժայռի ստորոտում բացվող գաղտնուղու ելքն ընկալել են որպես քարանձավի մուտք:

Ի դեպ, այս կարծիքը հաստատվում է մեկ այլ ուսումնասիրությամբ, որը կատարվել է 2024 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին, «Հանուն կայուն ապագայի զարգացման» նախաձեռնող խմբի կողմից, Լալա Մկրտչյանի ղեկավարությամբ ։ «Գավառի քարանձավների վերակենդանացում և քարտեզագրում» ծրագիրն իրականացվել է Գավառ համայնքում, որի նպատակն էր՝ բացահայտել, չափագրել ու քարտեզագրել Գավառի տարածաշրջանի առնվազն 5 քարանձավ, որոնք կարող էին ծառայել տեղի բնակչությանը և դրանցից առնվազն 1-ը հետագայում դարձնել զբոսաշրջային վայր։
Ծրագրի ընթացքում նախատեսված 5 քարանձավների փոխարեն հետազտվել, չափագրվել ու քարտեզագրվել է թվով 6 քարանձավ։
«Ամենահետաքրքիրներից մեկը Իլիկավանքի կիկլոպյան ամրոցի քարանձավն էր, որը ոչ թե բնական քարանձավ, այլ գաղտնուղի է։ Չափագրվեց քարանձավի մուտքային հատվածը՝ 20 մետր, որտեղից բացվում են 3 սրահներ։ Սակայն գաղտնուղու մյուս ելքերը փակված են քարերով, որի պատճառով աշխատանքները լիակատար չեն կարողացել իրականացվել»,-հավաստեց Լալա Մկրտչյանը։
Միջնաբերդի ներսում պահպանվել են ինչպես միմյանց հպված, այդպես էլ արտաքին պատերով պարսպապատին հպված, առանձին կառուցված ուղղանկյուն և քառանկյուն հատակագծերով տների հիմնապատեր, որոնք ունեն մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր քառակուսի մետր մակերես: Առանձին կանգնած մեծ տները կառուցված են զանգվածեղ, երկշարք դրված որձաքարերով և ունեն 2-3 մետր լայնություն: Տները միջնապատերով բաժանվում են մի քանի սենյակների: Սրանք հավանաբար նախատեսված էին մեծ գերդաստանների համար:

Միջնաբերդից դեպի արևելք իջնող թեքդիր լանջի վրա չորս շարք հենապատ-պարսպաշղթաներ են: Միդիս շարվածքով՝ ճակատները զանգվածեղ քարերով ձևավորած պարսպապատերի լայնքը 2,5-3 մետր է և ավելի: Հյուսիսային կողմում ամրոցի պարիսպները և սրանից դուրս կառուցված ուղղանկյուն հատակագծով շինությունները գրեթե հասնում են Իլիկավանքին:
Դարավանդ-պարսպաշղթաներից երրորդը շրջափակում է ամբողջ բերդշենը: Սրա ներսում՝ հյուսիսային և հարավային մասերում ընդարձակ, մինչև 800 քմ մակերեսով, երկշարք, 2-3 մետր լայնությամբ պատերով տներ են, որոնք խաղաղ ժամանակ կարող էին բնակեցվել, իսկ ռազմական բախումների ժամանակ արդեն կատարել են նաև պաշտպանական գործառույթ՝ ծառայելով որպես զինված ջոկատների կայանատեղիներ: Միջնաբերդի հյուսիսային և հարավային, համեմատաբար դյուրամատչելի կողմերում կառուցված այս ընդարձակ տները միմյանցից միջին հաշվով 10-15 մետր հեռավորության վրա են գտնվում : Սրանք այնպես են դասավորված, որ կազմել են տեղանքը պաշտպանող կառույցների համակարգ, որը կարող էր ջլատել դեպի բերդշեն արշավող թշնամու ջոկատները, և դղյակներում ամրացված պաշտպանները հաջողությամբ կարող էին պայքարել միմյանցից զատված խմբերի դեմ: Այս դղյակ-հենակետերը ձևավորել են ինքնատիպ պաշտպանական համակարգ, ինչն այլ բերդշեներում ուսումնասիրող հնագետներին չէ:
Պահպանվել են նաև հին ճանապարհների մնացորդներ: Դեպի բերդշեն տանող հիմնական ճանապարհը եղել է հարավից: Մինչև 5 մետր լայնությամբ ճամփան երկու կողմերից եզերված է պարսպապատերով: Սա փաստում է, որ այս ճանապարհով կարող էին երթևեկել սայլեր և մարտակառքեր:

Երրորդ դարավանդ-պարսպաշղթայի հարավային կողմում ձևավորված մուտքը պաշտպանված է եղել մի կողմից որմնահեցով, մյուս կողմից՝ առաջ դրված պարսպապատով, որոնց շնորհիվ ձևավորվել է ներփակ տարածք՝ «քարե պարկ»: Այնուհետև ճամփան շարունակվել է դեպի միջնաբերդի հարավային պարիսպը: Միջնաբերդ տանող մուտքն ավելի նեղ է և ունի միջանցքատիպ նախամուտք: Միջնաբերդի մեկ այլ մուտք, դարձյալ պատաշարերով եզերված, պահպանվել է առաջին դարավանդի հյուսիսային մասում:
Բերդշենից դեպի բարձրադիր գագաթի ռելիկտային լճերն ընկած տարածքում դիտվում են առանձին կառույցների ավերակներ և փոքրիկ քարակուտակումներ: Սրանցից երեքը հստակ բրոնզի դարի փոքր դամբանաբլուրներն են: Ժամանակին այստեղ դիտվել են բազմաթիվ դամբարաններ:
Դատելով հուշարձանի կառուցվածքից և պաշտպանական բարդ համակարգից, Իլիկավանքի բերդշենը եղել է Ուդուրի-Էթիունի երկրի հզորագույն ամրոցներից: Միայն պարսպապատ տարածքը, նախնական դիտարկումների համաձայն, ներառում է ավելի քան 10 հեկտար մակերես: Իսկ պաշտպանվող տարածքն ու շենը միասին ունեցել են առնվազն 20-25 հեկտար բնակեցված տարածք:
Բերդշենի նախորդ ուսումնասիրողներն Իլիկավանքի ամրոցը վերագրել են բրոնզ/վաղ երկաթի շրջափուլին՝ մ.թ.ա. երրորդ հազարամյակի կեսից մինչեւ մեր թվարկության 8-րդ դար:
Սակայն հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախմբի եզրակացությամբ, հենվելով հուշարձանի տարածքում հայտնաբերված վերգետնյա գտածոների անալիզի ու քննարկման արդյունքների վրա, Իլիկավանքի բերդշենը համարվում է Ուդուրի-Էթիունի երկրի միջին բրոնզի եզրափակիչ փուլի, ապա ուշ բրոնզ-վաղ երկաթի դարի խոշորագույն քաղաքատեղիներից մեկը, որը հիմնարկվել է միջին բրոնզի դարում, ծաղկում ապրել ուշ բրոնզի դարի վաղ փուլում և հարատևել ընդհուպ ուրարտական արշավանքերը:

Իլիկավանքի բերդշենից, ինչպես ձեռքի ափի մեջ, հստակորեն երեւում է Գավառ համայնքի տարածքը՝ իր բնակավայրերով հանդերձ, Սևանա լիճն ու նրան շրջապատող լեռները, հրավից հյուսիս, արեւելքից արեւմուտք ձգվող ճանապարհները, մարդկային տեղաշարժերը։ Հնագետները համարում են, որ Իլիկավանքի բերդշենը եղել է Վելիքուխի երկրի պաշտպանական հզոր համակարգերից մեկը նրա հարավային կողմում, որը պատնեշել է թշնամական բանակների մուտքը թե՛ հարավից, թե՛ հարավարաեւելյան ու հարավարեւմտյան կողմերից։ Քաղաքատեղին տեւական ժամանակաշրջանում հիմնվել, զարգացել ու գոյատեւել է շնորհիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք եղել են ջրի առատ պաշարները, ձկան ու վայրի կենդանիների առատ որսը, անասնապահության համար չափազանց նպաստավոր ալպյան արոտները, երկրագործության համար նպաստավոր հողատարածքները, տարանցիկ ճանապարհները, մետաղամշակության ու արհեստների տիրապետումը, մերձակա պետական միավորումների կամ ցեղային միությունների հետ հաստատված առեւտրատնտեսական հարաբերությունները։
Հուշարձանն ուսումնասիրող հնագետների կարծիքով՝ այս բերդշենը կործանվել է Վանի թագավորության կողմից ձեռնարկված ռազմական արշավանքների արդյունքում, սակայն չենք բացառում, որ մարդիկ այստեղ շարունակել են ապրել նաեւ հետուրարտական դարաշրջանում։
Նորից վերադառնանք Իլիկավանքի կամ Պառավի վանքի տարիքին։ Որքան էլ մեր հնագիտական միտքը ջանում է նրա հիմնադրման թվականը կապել 6-9-րդ դարերի հետ, մի բան արդեն ակներեւ է, որ այն հաստատապես բարձրացել է մինչքրիստոնեական կամ հեթանոսական տաճարի խորտակված հիմքերի վրա, քանի որ հազամյակներ գոյատեւած բերդշենը, որի հյուսիսային պարսպից այն կողմ տարածվող տները հասնում են մինչեւ Իլիկանավանքի մատույցներ, չէր կարող չունենալ հավատի տուն՝ հին հայկական կրոնին բնորոշ տաճար կամ մեհյան։ Իլիկավանքի հյուսիսային ստորոտում, մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ, նկատելի են բնակատեղիի հետքեր, որոնք եւս այս հսկայական հուշարձանի՝ վանքի ու բերդշենի մի մասն են ու հաստատում են մեր կարծիքն առ այն, որ հավատի այս տան տարիքը մոտավորապես կարող է հավասար լինել բերդշենի տարիքին՝ սկզբնավերվելով պատմագիտությանը հայտնի միջին բրոնզի դարում ու հասնելով մինչեւ մեր օրերը, իհարկե, հայ ժողովրդի համար պաշտելի սրբավայրի ու ուխտավայրի կարգավիճակով։
Իլիկավանքի բարձունքից հստակորեն ուրվագծվում է Հին Հայաստանի այն զորավոր ուժը, որից սկզբնավորվել են մեր հեռավոր նախնիները, որոնցից ծնունդ ենք առել մենք՝ Հայոց աշխարհի զավակներս՝ հայկական ինքնությունն անխախտ պահելու սուրբ առաքելությամբ։
Խոսրով Խլղաթյան