Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են դրենաժային փակ համակարգի կառուցման աշխատանքները։
Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանի տեղեկացմամբ՝ Վաղաշենի դրենաժային համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 777 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է փակ դրենաժային համակարգի կառուցում 20, 21 և 22-րդ փողոցներում՝ 1800 մետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերի սկզբից և հոկտեմբերի 7-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 200 տնտեսությունների տնամերձերը և շինությունները կազատվեն ստորերկրյա ջրերի պատճառած անհարմարություններից։
«Այս հիմնախնդիրը Վաղաշենի հարավային հատվածի թաղամասերում առկա է եղել տասնամյակներ շարունակ, որն այժմ լուծում է ստանում՝ ի ուրախություն այդ թաղամասերի բնակիչների։ Ստորերկրյա ջրերը լցվում էին մարդկանց նկուղները, տնամերձ հողամասերը՝ վնաս ու տհաճություն պատճառելով տնտեսություններին։ Հուսանք, որ եկող տարվանից արդեն հիմնախնդիրը հիմնովին կարգավորված կլինի, ու կունենանք բոլորովին այլ պատկեր, բարվոք իրավիճակ»,-ներկայացրեց Վաղաշենի վարչական ղեկավարը։
Խոսրով Խլղաթյան