Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԼԵՌ՝ ՍՊԻՏԱԿԱՍԱՐ

Գեղամա լեռնավահանի երկրորդ բարձր գագաթը, Աժդահակից հետո, Սպիտակասարն է, որը գտնվում է ծովի մարկերեւույթից 3555 մետր բարձրության վրա, նույն Աժդահակից մի քանի կիլոմետր հեռավորությամբ դեպի հարավ-արեւելք, իսկ Գավառ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանաբաժան գոտիներում։
Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ ծագել է այս անվանումը։ Սպիտակասարի արեւմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։ Արեւելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով ։
Սպիտակասարը ոչ միայն լեռնագագաթ է, այլ մի հսկայական չափերի լեռնազանգված, որ իր խորդուբորդ լանջերով, ռելիեֆային ակնառու ու խորը կտրվածքներով ու իջվածքներով, տարվա մեծ մասը ձյունապատ ու ճերմակ գագաթներով մխրճված է Գեղամա լեռնավահանի գրեթե կենտրոնում ու վեր պարզված դեպի երկնային գաղտնախորհուրդ բարձունքներ։
Առհասարակ, գեղեցիկ են Հայաստանի բոլոր լեռները, սակայն Սպիտակասարը մյուս գեղեցկագույն լեռներից տարբերվում է իր ահռելի, ընդգրկուն, փայլփլուն ու վառվռուն, տեղ-տեղ գեղատես, տեղ-տեղ՝ վիշապադեմ, գույնզգույն տեսքի մեջ։
Այն ինձ ավելի շատ հիշեցնում է հայկական առասպելաբանության հերոս Անգեղյան Տորքին, որ հզոր էր հզորների մեջ, վեհագույնը՝ վեհերի մեջ, առնականն ու ահազդուն բոլոր տղամարդկանց մեջ։ Սպիտակասարի գլխի թագը մյուս լեռնագագաթների թագերի պես շրջանաձեւ կամ կիսաշրջանաձեւ չէ, այլ հենց Անգեղյան Տորքի պես անտաշ, իսկ բնության մեջ, երկարաձիգ ու խորդուբորդ՝ փռված իր հսկայական ծավալի՝ շուրջ 20 կիլոմետրի հասնող շրջանագծի մեջ ։ Ու իր ողջ ուժը, հմայքը, արժանիքը ամփոփված է հենց նշված բացառիկությունների մեջ։
Սպիտակասարն իմ հեռավոր մանկության, պատանության, երիտասարդության, այժմ էլ արդեն պատկառելի տարիների լեռն է, որ միշտ, գրեթե Աստծո ամեն օր, մշուշապատ կամ ձնապատ, վեհորեն երեւացել է ինձ թեկուզ մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռվից, բայց շատ սրտամոտ, շատ սիրելի ու հարազատ ։
Ու հիմա էլ, տասնամյակների հեռվից, հայրենի Մարտունու նույն հարազատ փողոցով անցնելիս, հայացքս միշտ ու առաջին հերթին ձգում եմ դեպի արեւմուտք, ծառերի, տների, շինությունների արանքից կարոտով որոնելով Սպիտակասարի փեշերն ու գագաթները, ձյան աննման փայլը, որ չի խամրում այդքան հեռվից ու բարձրությունից։
Աստծո ամեն առավոտ, արդեն շուրջ երեսուն տարի, Գավառ քաղաքի իմ բնակարանի պատշգամբից, ինչպես ափիս մեջ, նայում եմ Սպիտակասարի լանջերին ու կատարներին, զմայլվում նրա սքանչելի տեսքով, կենդանի, աննման բնապատկերով, ըմբոշխնում տիեզերական գեղեցկությունն ու շռայլությունները եւ անխոս խոնարհվում բնության զորավոր, հավերժական կերտվածքի առջեւ։ Ու երկրպագում եմ արարչին, անկեղծորեն հրճվում իմ բախտից, որ օրս լուսանում ու մթնում է Սպիտակասարի հետ, նրա արարչագործ, սրբասուրբ ներկայությամբ։
Սպիտակասարը ես հայացքով հեռուներից չափել եմ բոլոր կողմերից՝ արեւելքից, հյուսիսից, հարավից, արեւմուտքից, տարբեր տարիների ընթացքում, սակայն նրան մոտենալու, նրա կատարների վրայով քայլելու բախտորոշ ժամանակը միայն վերջերս կարողացա գտնել՝ շնորհիվ «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանի։
Առաջին ուղեւորությունը ձեռնարկեցինք 2024 թվականի սեպտեմբերին՝ փորձելով լեռան գեղեցկությունը վայելել արեւելյան կողմից, Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի վարչական տարածքից։ Ճանապարհին կանգառ կատարեցինք Վարդաձորից 10 կիլոմետր դեպի հարավ գտնվող Շմակավանքում, որի շուրջ պարզորոշ նկատվում են միջնադարյան բնակավայրի ավերակներ ու մի քառակող քարակոթող, որը յուրահատուկ է 7-րդ դարի հայկական ճարտարապետությանը ու փաստում է, որ այս սրբավայրում այդ ժամանակ վեր է խոյացել պատմաճարտարապետական շքեղ կառույց, որը, ցավալիորեն, ավերվել է հետագա դարերի ընթացքում։ Այս տարածքում հաշվառված են նաեւ ավերակ 3 ջրաղաց, 70 միջնադարյան ժամանակների տներ ու շուրջ 100 գերեզման, որոնք կանոնավոր կերպով տարածվում են Շմակավանքի շրջակայքում։ Շմակավանքի ներսում էլ կան մի քանի խաչքարեր, որոնք իրենց պատրաստման ոճով նման են 9-10-րդ դարերում պատրաստված կոթողներին։ Մի խաչքար էլ արձանագիր է, հետեւյալ բովանդակությամբ․ «ՍՈՒՐԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱՒՍ ՏԻՐԶԻՆ»։ Վիմագրությունն անթվագիր է։ Շմակավանքի հատակը պատված է տարբեր չափսերի գերեզմանաքարերով։
1998 թվականին կիսավեր Շմակավանքը հիմնանորոգվել ու վերականգնվել է Վարդաձոր գյուղի բնակիչ, երջանկահիշատակ Գեւորգ Եփրեմյանի ջանքերով ու միջոցներով։
Շմակավանքը, որը Վարդաձորից գտնվում է 5 կիլոմետր դեպի հարավ, Սպիտակասար տանող ճանապարհին, այսօր համարվում է ոչ միայն Վարդաձորի ու շրջակա բնակավայրերի բնակիչների սրբավայր-ուխտատեղին, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններից ու տեսարժան վայրերից մեկը։
Հաջորդ պատմական արժեքավոր հուշարձանը, ժայռապատկերների տեսքով, գտնվում է Վարդաձոր գյուղից շուրջ 22 կիլոմետր դեպի հարավ, Սպիտակասարի հովտում, հսկայական չափի քարափների մեջ։ Մինչ այժմ հայտնաբերվել ու հաշվառվել է մի քանի ժայռապատկեր, սակայն չի բացառվում, որ մանրազնին ուսումնասիրության դեպքում ի հայտ գան նոր ժայռապատկերներ, որոնք վերաբերում են նախնադարյան ժամանակներին։ Ի դեպ, այդ ժայռապատկերներից մեկի շրջագիծը, ինչպես իր «Վարդաձոր» գրքում վկայում է Վահան Ավետիսյանը, կազմում է 19 մետր։
Մեր ճանապարհին մենք զմայլվեցինք արդեն բնության երկու հուշարձաններով՝ լեռնային լճերով, որոնք գտնվում են Սպիտակասարի հարավարեւելյան կողմում, Վարդաձորից շուրջ 25 կիլոմետր հեռավորությամբ։ Դրանց վարդաձորցիներն կոչել են «Մեծ լիճ» եւ «Փոքր լիճ» անուններով։
Մեծ լիճը ունի 3 մետր խորություն ու 10000 քառակուսի մետր մակերես։ Այն չի ցամաքում անգամ աշնանը, ի տարբերություն Փոքր լճի, որը մեր այցելության պահին արդեն գրեթե ջրազուրկ էր։
Մեծ լիճը սքանչելի ու զուլալ տեսք ուներ։ Այն նազում ու ծփծփում էր արեւի բազմագույն ցոլքերի ներքո։ Այս լճի ափից էլ, մեր աչքին շատ մոտիկ, չափեցինք Սպիտակասարի արեւելյան լանջը։ Այն մերթ ծածկվում էր թանձր մշուշով, մերթ բացվում ու փայլփլում արեւի ճառագայթների ներքո։
Մեզ շատ մոտ գտնվող լեռան արեւելյան լանջը, իր ողջ երկարությամբ ու թեքությամբ, բուսազուրկ է ու ընդգծված մոխրագույն, որը տասնյակ կիլոմետրեր հեռվից, Մարտունու տարածքի գյուղերից, երեւում է սպիտակ երանգին մոտիկ։ Ամռան վերջի ու աշնան սկզբի բարկ արեւի ներքո Սպիտակասարի արեւելյան լանջն իսպառ ազատված էր ձյան ծածկույթից, որը սովորաբար տարվա մեծ մասում ծանրորեն բռնում է լեռան գագաթն ու փեշերը։
Երբ ցանկություն հայտնեցի՝ ոտքով հաղթահարելու լեռան գագաթը, Թաթուլ Տոնոյանն առարկեց՝ գտնելով, որ դրա համար կպահանջվեն ոչ միայն ահռելի ճիգեր, այլ նաեւ վեց ժամից ավել ժամանակ, մինչդեռ օրն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ։ Ուստի որոշեցինք Սպիտակասարի գագաթ բարձրանալու ծրագիրը տեղափոխել մեկ այլ օր։ Իսկ տուն վերադառնալուց առաջ որոշեցի հաղորդվել Մեծ լճի մաքրամաքուր, զորավոր, ազնվահոգի ջրերի հետ։
-Եթե մինչ այժմ մեզ անհայտ այս լիճը չունի անուն, բերեք այն կնքենք Անահիտ աստվածուհու անունով։ Չէ՞ որ վերջապես ողջ Հայաստանով մեկ ոչ մի լիճ մեր Մայր Աստվածուհու անունը չի կրում,-առաջակրեց Թաթուլը։
-Շատ լավ միտք է,-ասացի,-բայց կարելի է նաեւ կոչել Հովնար անունով՝ Հովերի Աստծո պատվին։
Հանգամանքների բերումով մենք այդպես էլ չկարողացանք Սպիտակասարի գագաթ բարձրանալ 2024 թվականին, ու ստիպված սպասեցինք 2025 թվականի ամռանը, մինչեւ որ լեռնային ճանապարհները կազատվեին ձյան շերտերից։
Եվ այս տարվա հուլիսի 18-ին մենք իրականացրինք մեր ուխտագացություն-երազանքը՝ Սպիտակասարին մոտենալով արդեն նրա հյուսիսային ու արեւմտյան կողմերից։
Սպիտակասար ենք բարձրանում Սարուխան գյուղի արեւմտյան թեւով, ապա թեքվում դեպի հարավ։ Մի տաս-տասնհինգ կիլոմետր անցնելուց հետո մեր դեմ բացվում է Կարմիրգյուղի ամառային յայլաղատեղին՝ իր շարժական կամ անշարժ կացարաններով, սարվոր մարդկանցով։ Ձիերի փոքր երամակ ենք տեսնում, ոչխարի հոտ ու տավարի նախիր, նրանց կողքին՝ նստած կամ խաղացող երեխաների, տարեց տղամարդկանց կամ կանանց։
Մի կողմից ուրախանում ենք, որ դեռ այս յալյաղատեղը մյուսների նման չի լքվել, որ դեռ անասնապահությամբ զբաղվող մարդիկ կան, բայց մի կողմից էլ մտահոգվում, որ գնալով պակասում են այս հողի հոտաղները, մշակները, սարվորները, հնձվորները։
Մոտ 20 կիլոմետր ճամնապարհ կտրելուց հետո մեր ամենագնացը կանգ է առնում լեռան կատարին, որի հյուսիսային կողմում իր ողջ շռայլությամբ փռված է Գռիձորը՝ բարձրաբերձ ու սլացիկ ժայռերով, ձորի մեջ շառաչող արագահոս գետով, թեք ու ձորակներով առատ սարալանջերով, այլ հմայքներով։
Արեւմտյան կողմում արդեն Աժդահակ լեռն է ու նրա շրջակայքի լեռնագագաթներն ու լեռնազանգվածները, սարահարթերը, որոնք տեղ-տեղ դեռ պատված են ձյան մեծ կամ փոքր զանգվածներով։
Լեռների թիկունքներում, թեւերում էլի լեռներ կան պատսպարված կամ կատարները երկինք պարզած ու սարավանդներ՝ կանաչած դաշտերով, քարափների հսկայածավալ զանգվածներով կամ ձյան շերտով պատած։
Իսկ մեր հարավային կողմում, լեռան ոչ մեծ գոգավորության մեջ ծփում է Նազենի լիճը, կողքին՝ եւս հինգ փոքրիկ լճակներ։ Ահա այսպես է Սպիտակասարը մեզ ներկայանում՝ ինչպես ամեհի ու ահռելի, այնպես էլ գեղեցիկ, նազելի, կախարդական տեսքի մեջ։ Կարելի է անվերջ մեր կանգնած տեղից չափել ողջ լեռնաշխարհը, հեռվում հազիվ երեւացող Գավառի բնակավայրերը, վառվռուն ու հազարագույն ծաղիկների մեջ շքեղաշուք զգեստներ հագած արոտները, լեռնալանջերով մեկ թափառող մեգի անկանգ ընթացքը՝ վայրկյան իսկ չմտածելով ժամանակի կորստյան մասին։
Բայց Նազելի լիճը կանչում է մեզ իր ողջ հմայքով։ Ու մի ուրիշ երանություն է մեզ համար՝ քայլել լեռնային այս Դիցուհու ափերով, հպվել նրա մաքրամաքուր, ազնվական ջրերին, շատ մոտիկից լսել ու զգալ հայրենի ջրի մոգական սիրո շնչառությունը։
Սպիտակասարի գագաթի նվաճումը սկսում ենք հետկեսօրին, Գեղամա լեռների ժայռապատկերների դիտումից ստացած անմոռանալի տպավորություններից հետո։
Վերելքից քիչ առաջ մեզ դիմավորում է Սպիտակասարի գագաթից արդեն ցած իջած քայլարշավորդների ստվար խումբը, ինչն առավել ոգեւորում ու քաջալերում է մեր խմբին։
Վերելքը սկսում ենք Սպիտակասարի արեւմտյան կողմի լանջից, մի նեղ արահետով։ Մեր ոտքերի տակ սահող հողը փայլփլում է արեւի ճառագայթների տակ՝ անդրադարձնելով մի քանի երանգներ։ Մանր ու մեծ քարերը շատ ավելի նման են ապակու՝ տարբեր գույների մեջ։ Փաստորեն, բնությունն այստեղ զարդարել է ամեն մի սանտիմետր տարածք՝ սառած հրահեղուկից առաջացած մարգարտափայլ քարերով, որոնց կողքին էլ լեռնային անզուգական ծաղիկներն են շռայլորեն փռվել մեր ճանապարհին՝ անզուգական գույների, զգլխիչ բույրերի մեջ։
Քարաավազային անվերջանալի կուտակումների մեջ անգամ ծաղիկներն իրենց համար աճելու հող ու տիրույթ են գտել՝ ձնհալից հետո դեղին, ճերմակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, վարդագույն գլուխներն ու աչուկներն արեւին պարզելով։ Աստվածային այս բարձունքում նրանք նազում են աստղերի ու արեւի փայլերից, երկնային շաղից, անձրեւների տեղատարափներից, քամիների անսանձ վազքից, երբեմն էլ ահաբեկվում կայծակների հուժկու որոտներից, սակայն անխռով ու անշահ, նվիրումով զարդարում են լեռնալանջերի փեշերն ու լեռնակատարների թագերը՝ առանձնակի զգեստավորելով նրանց գեղեցիկ մերկությունը։
Վերելքը քիչ-քիչ դժվարանում է, սակայն մեր մեջ ուժ ենք գտնում՝ հաղթահարելու ամեն մի արգելք, անգամ՝ հանկարծակի վրա հասած մառախուղի թանձր քողը։ Վերջապես հասնում ենք լեռնագագաթի այն հատվածին, որտեղից արդեն մեր դեմ բացվում է Սպիտակասարի արեւելյան փեշը։ Հազիվ մի քանի րոպե հասցնում ենք դիտել լեռան խորխորատները, շատ հեռվում նկատվող Արմաղան լեռը, Սեւանա լիճը, Մարտունի համայնքի բնակավայրերը, երբ թանձր մառախուղը կրկին բռնում է մեր ողջ տեսադաշտը։
Մենք հասել ենք Սպիտակասարի կատարով մեկ տարածվող ձյան հաստ շերտերին ու քայլում ենք նրա վրայով կամ կողքով։ Պետք է քայլելը շարունակենք դեպի հարավ, եւս մեկ-մեկուկես կիլոմետր, որպեսզի հասնենք ամենաբարձր կատարին՝ 3555 մետր նիշին։
Մի պահ նեղվելով մառախուղի թանձրությունից՝ Թաթուլին առաջարկում եմ դադարեցնել վերելքն ու ցած իջնել, համարելով, որ հասել ենք արդեն մեր նպատակին։
-Չեղավ,-համառում է Թաթուլը,-այսքան ջանք դնելուց հետո հրաժարվել մի քանի հարյուր մետրից, արդեն խելամիտ բան չէ, մանավան, որ շատ քիչ է մնացել մեր նպատակին։
Հանկարծ միանգամից չքանում է մառախուղը, ու մեր դեմ բացվում են նոր, զարմանահրաշ տեսարաններ։ Ձյան կարծրացած շերտը հսկայական բուրգեր ու բերդապարիսպներ է կառուցել լեռնագագաթի արեւելյան լանջի բարձունքներով մեկ։ Արեւի շողքերի ու փոքր-ինչ տաքացած օդի ներքո ձյունը մի զարմանալի հանդարտությամբ ու համբերությամբ հալվում-ծծվում է հողի մեջ՝ իր վրա գրավելով մեր անթաքույց հետաքրքրությունը։
Վերջապես հասնում ենք Սպիտակասարի ամենաբարձր կետին, նստում պատահած քարին, անում մեր հոգու Լեռան աղոթքը, նպատակ պահում՝ այն խորհրդանշելով քարերի փոքրիկ կույտ կառուցելով։ Այո, մենք տիեզերական այս հավերժության մեջ վայելում ենք մեր կյանքի ակնթարթները ճիշտ այսպես՝ Երկնքի գեղեցկություններին ու հրաշքներին մոտիկ, Երկրի խորհրդավոր բարձունքների վրա, ուր խոսքդ ու երազանքդ շատ ավելի մոտ են Արարչական եզերքներին։
Վերադարձի ճամփան եւս պակաս դժվար չէ, վերելքից, սակայն մեր ներսում կուտակած դրական էներգիան, մեր ապրած անկրկնելի զգացումները մեր քայլերը դարձնում են ավելի թեթեւ, մարմիններս՝ ավելի առույգ։ Մոտավոր հաշվարկներով, մեր վերելքն ու վայրէջքը կազմեցին ավելի քան ութ կիլոմետր։
Ճանապարհին գույնզգույն քարեր ենք հավաքում ու վառվռուն ծաղիկներ իրենց արմատներով, որ պահպանենք մեր տան անկյուններում՝ որպես հավաստիք ու անմոռանալի հուշ Սպիտակասարի վերելքի։
Անշուշտ, մեր անցած արահետները երջանկության արահետներ էին, դրախտային, աննման բարձունքներ քաշող արահետներ, որտեղ կարելի է միմիայն զինվել Տիեզերական ուժով, անապական Սիրով ու մաքրամաքուր Հավատով։
Եվ դրանում համոզվելու համար ձեր կյանքում գոնե մեկ անգամ փորձեք անցնել այդ առեղծվածային, հայրենածնունդ արահետներով։
Խոսրով Խլղաթյան

29 դիտում