
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում բարերար Հրաչյա Խանսանամյանի անձնական միջոցներով նորոգվել ու հարթեցվել է 12 կիլոմետր երկարության ճանապարհ, որը նպաստելու է թե՛ գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, թե զբոսաշրջային այցերի կազմակերպմանը Սուրբ Հովհաննես մատուռ ու գյուղի այլ հուշարձաններ և տեսարժան վայրեր։
Ինչպես տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, նման մեծածածավալ աշխատանքների իրականացման նպատակով բարերարը վարձակալել է 10 միավոր տեխնիկա, որոնց գործադրմամբ շուրջ մեկուկես ամիս ընթացել են դաշտամիջյան ճանապարհների նորոգման, հարթեցման ու լայնացման աշխատանքները։
«Նորոգված ճանապարհներից 1-ը, մոտ 2 կիլոմետր երկարությամբ, տանում է դեպի Սուրբ Հովհաննես մատուռ ու Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված Խաչ-հուշարձան։ Այս սրբավայրը ե՛ւ շատ հայտնի ուխտատեղի է, ե՛ւ զբոսաշրջային վայր, ուր այցելուների հոսք է նկատվում գրեթե տարվա բոլոր եղանակներին։ Այսուհետ սրբավայր բերող ճանապարհն արդեն անցանելի է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար։
Նորոգված ճանապարհներից երկրորդը, մոտ 10 կիլոմետր երկարությամբ, տանում է դեպի Երանոսի հանդամաս, ուր գտնվում են գյուղի արոտավայրերն ու խոտհարքերը։ Այս առումով սա անգնահատելի օգնություն է անասնապահությամբ զբաղված մարդկանց, որոնք արդեն կօգտվեն միանգամայն նորոգված ու անցանելի ճանապարհներից։ Հավելեմ , որ դաշտամիջյան այդ ճանապարհները գտնվում էին խիստ անբարեկարգ, գրեթե անանցանելի վիճակում։ Հրաչյա Խանսանամյանը տարբեր տարիների ընթացքում եւս գյուղում իրականացրել է բարեգործական տարբեր ձեռնարկներ, որոնք թեթեւացրել են մարդկանց հոգսերը»,-ներկայացրեց Սաշա Բավեյանը։
Գեղամա աշխարհ