Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցությամբ արդիականացվել է Երանոսի բուժամբուլատորիայի շենքը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտալ խորհրդի միջև կնքված ապակենտրոնացված  համագործակցության պայմանագրի շրջանակներում վերանորոգվել և արդիականացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի բուժամբուլատորիայի շենքը։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Երանոսի բուժամբուլատորիայի վերանորոգման և արդիականացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 953 հազար դրամ, որն իրականացվել է ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպպության միջոցներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մարտ ամսից և ավարտվել մայիս  ամսին։ Իրականացվել են տանիքի, հատակի, սանհանգույցների վերանորոգման, պատերի ներքին ու արտաքին հարդարման, այլ կարգի աշխատանքներ։ Այժմ ընթացքի մեջ է կահավորումը։ Բուժամբուլատորիան վերազինվում է սոնոգրաֆիկ սարքով, որտեղ համավճար տրամադրելու բաժին  ունի  ֆրանսիական կազմակերպությունը։

«Օրերս  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆրանսիացի գործընկերների հետ այցելել է «Երանոսի ԲԱ» ՊՈԱԿ՝ տեղում դիտարկելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Մարզպետը համոզմունք է հայտնել, որ նման արդյունավետ համագործակցությունը շարունակական զարգացում կապահովի՝ նպաստելով մեր համայնքների առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը և բնակիչների համար ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում