
Գեղարքունիքի մարզում Ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ շարունակվում են առողջապահական ծրագրերը ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» (AMD) ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեին և ինժեներ Բրունո Ռեյնֆելդին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել «Վ. Գետաշենի ԲԱ» և «Երանոսի ԲԱ» ՊՈԱԿ-ներում արդեն իրականացված կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի շենքի նախատեսվող կապիտալ վերանորոգման ծրագրին՝ քննարկելով դրա իրականացման հետ կապված առկա հարցերն ու հնարավոր լուծումները։
Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև ձևավորված համագործակցությունը շարունակում է արդյունավետորեն նպաստել առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանը։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն նաև առաջիկայում նախատեսված ծրագրերը։
Գեղամա աշխարհ