Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիպլոմներ և գովասանագրեր հանձնեց մարզից հանրապետական օլիմպիադայում հաղթած աշակերտներին

Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց 2025-2026 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզից հանրապետական օլիմպիադայում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտներին և նրանց դպրոցների տնօրեններին։

Ողջունելով ու շնորհավորելով հյուրերին՝ մարզպետը նշեց, որ հանրապետական օլիմպիադայում ձեռք բերված արդյունքները ապահովվել են նպատակասլաց ու ջանադիր աշխատանքի շնորհիվ, իսկ հաղթանակներ գրանցած աշակերներն իրենց գիտելիքները ծառայեցնելու են թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, թե՛ հանրային բարօրությանն ու անձնական  բարեկեցությանը։

Այնուհետ Կարեն  Սարգսյանը ծանոթացավ հանրապետական օլիմպիադայում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտներին, հետաքրքրվեց նրանց մասնագիտական կողմնորոշմամբ, զրույց ծավալեց դպրոցների  տնօրենների հետ՝ հաղթած աշակերտների ուսուցիչներին խրախուսելու և այլ հարցերի շուրջ։ Մարզպետը նաև վստահեցրեց, որ ՀՀ կառավարության ջանքներով շարունակվելու են դպրոցաշինական  ծրագրերը, որոնց արդյունքում արդիականացվելու են Գեղարքունիքի մարզի դպրոցական ու նախակրթական բոլոր հասատությունները։

Անձամբ հանձնելով բոլոր դիպլոմներն ու գովասանագրերը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հաջողություններ  մաղթեց  հանրապետական առարկայական օլիմպիադայում հաջողություններ գրանցած աշակերներին։

2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադայում Գեղարքունիքի մարզի դպրոցականներն արժանացել են 13 դիպլոմի և 16 գովասանագրի։ Հաղթած աշակերտները ներկայացնում են Մարտունու թիվ 1 և 2, Սևանի թիվ 1, Ճամբարակի թիվ 2  հիմնական, Գավառի թիվ 2, Գեղամավանի, Կարմիրգյուղի թիվ 2, Ներքին Գետաշենի թիվ 1 և թիվ 2, Դդմաշենի, Գանձակի թիվ 1, Լիճքի, Ծովագյուղի, Զոլաքարի թիվ 2, Սարուխանի թիվ 1 և Արծվանիստի միջնակարգ դպրոցները։

Գեղամա աշխարհ

4 դիտում