Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի պետական համալսարանը կյանք է ճանապարհել իր շրջանավարտների 29-րդ սերնդին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը Գավառի պետական համալսարանում կայացել է  2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես  տեղեկացրին ԳՊՀ լրատվության և արտաքին կապերի բաժնից,  համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, կյանք է ճանապարհել   շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրել են  ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։

Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունել  և շնորհավորել է  ներկաներին Սահմանադրության օրվա առթիվ, ջերմորեն շնորհավորել շրջանավարտներին և նրանց ծնողներին, շնորհակալություն հայտնել Գավառի պետական համալսարանի դասախոսներին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներին և բոլոր բարերարներին։

Ավանդույթի համաձայն՝ հնչել է  ԳՊՀ մագիստրոսի երդումը, որից հետո շրջանավարտները խորին երախտագիտություն են  հայտնել  սիրելի կրթօջախին, նրա հիմնադիրներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Շրջանավարտներին դիպլոմները հանձնել  և բարեմաղթանքի խոսքեր են  հղել  ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը։ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ հանձնել և հաջողության իր բանաձևը ներկայացրել է  ԳՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության 2025 թվականի շրջանավարտ Վան Սիմոնյանը:

Դիպլոմների շնորհման արարողությունն ուղեկցվել է  շրջանավարտների հաջողությունների մասին պատմող ոգեշնչող տեսանյութերով, եվրոպական գործընկեր բուհերում սովորող ԳՊՀ ուսանողների առցանց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Գեղեցիկ պարային, երաժշտական կատարումներով միջոցառումը զարդարել են  Գավառի արվեստի դպրոցի սաները, դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Խաչատրյանը, նույն դպրոցի սան Հայրապետ Հայրապետյանը, ջութակահար Էլեն Շհոյանը։

Գեղամա աշխարհ

2 դիտում