
Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում 2026 թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է ամառային զորակոչը:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքից ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու էին եկել Սևանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, որոնց բարեմաղթանքներին միախառնվել էին խորհուրդներն ու հորդորները:
Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ, որին հետևել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի՝ նորակոչիկների համար պատրաստված նվերների հանձնումը:
Ավանդույթի համաձայն՝ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից նորակոչիկներին հանձնվել են ժամացույցներ:
Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանն էլ նորակոչիկներին հանձնել է աղոթագիրք:
Օրվա առթիվ ուղերձ է հղել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գավառ քաղաքի զինկոմիսարիատի շենքի դիմաց տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում համայնքի նորակոչիկները ճանապարհվել են պարտադիր զինվորական ծառայության։
Արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը, Գավառի տարածքային զինվորական կոմիսար Վանիկ Գոզեյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ինչպես նաև զինվորական կոմիսարիատի և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Նրանք շնորհավորել են նորակոչիկներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն։ Երգի և երաժշտության ուղեկցությամբ նորակոչիկները բարձր տրամադրությամբ ճանապարհվել են ծառայության։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Ճամբարակի զինկոմիսարիատից հանդիսավորությամբ Հայոց բանակ են ճանապարհվել համայնքի նորակոչիկները, ովքեր ստացել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցչի, Ճամբարակի համայնքապետարանի ղեկավար կազմի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի բարեմաղթանքներն ու օրհնությունը։
Ամառային զորակոչը Գեղարքունիքի արզում կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը։
Գեղամա աշխարհ