Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Աստղաձորում ոռոգան ջրատարի արտաքին ցանց է կառուցվում

  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում օգոստոսի վերջերից սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրեց Աստղաձորի վարչական ղեկավար Արթուր Ալեքսանյանը, Աստղաձորի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 155 միլիոն 778 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատար ցանցի կառուցում Աստղաձորի 53-րդ, 9-րդ, 34-րդ, 67-րդ փողոցների, «Քոնդալանի մայր առու», «Թոփ դարի մայր առու», «Կալերի առու» և «Սղոցարանի տակի մայր առու» տարածքների հողամասերի ոռոգման համար,  երկաթյա կամ երկաթբետոնյա կիսախողովակներով, 4650 գծամետր երկարությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 400 հեկտար հողատարածքներում եկող տարվանից ոռոգման ջուրը կմատակարարվի ժանամակին և անկորուստ։ Ծրագրի շահառու են համարվում Աստղաձոր գյուղի բոլոր տնտեսությունները։

Ոռոգման ցանցը սնվելու է ինչպես գետի, այնպես էլ խորքային հորերից ու պոմպակայանից մղվող ջրերով։

2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 50 տոկոսով։

«Նոր կառուցվող ոռոգման այս ցանցը մոտ հեռանկարում ծառայելու է որպես Աստղաձորի ապագա ջրամբարի համար մայր ցանց, որպեսզի ջուրը սպառողներին հասնի անկորուստ ու ժամանակին»,-ներկայացրեց Արթուր Ալեքսանյանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ռան-Շին» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան

19 դիտում