Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԱԶԱՏ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Հոկտեմբերի չորսի հետկեսօրին հնագետ Լեւոն Մկրտչյանի եւ հնասեր Թաթուլ Տոնոյանի հետ դիտարկեցինք Ազատ քաղաքատեղիի ավերակները, որոնք բազմապիսի գաղտնիքներ , հարցականներ ու առեղծվածներ են իրենց մեջ թաքցնում։
Ազատ քաղաքի ավերակները տարածվում են Հայրավանքի եւ Բերդկունքի շրջակայքում` դեպի արեւմուտք, դեպի հարավ ու արեւելք, անվերջանալի մակերեսի վրա։
Ավելին, այս երկու բնակավայրերը ուղղակիորեն նստած են Ազատ կոչված հնագույն բնակատեղիի ավերակների վրա։
Դժվար է ճշտել, թե Ազատ քաղաքը որքան մակերես է զբաղեցրել ժամանակին, քանի որ, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, մարդկային կյանքն այստեղ սկզբնավորվել է Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակից ու անընդմեջ շարունակվել մինչեւ մեր օրերը։
Սա նշանակում է, որ մենք գործ ունենք բազմաշերտ հուշարձանի հետ, ուր պահպանված են կիկլոպյան դարաշրջանի ամրոցների պարիսպների, միջնաբերդերի, հնագույն բնակարանների, եկեղեցիների ու մատուռների ավերակներ, դամբարանադաշտեր, միջնադարյան գերեզմանոցներ` բազմաթիվ խաչքարերով ու տապանաքարերով։
Մեկ ժամից ավելի Լեւոն Մկրտչյանն իր դրոնով լուսանկարում էր անվերջ ձգվող քաղաքի ավերված շինությունները, սակայն դիտարկելու, ուսումնասիրելու տեղեր էլի մնացին, քանի որ վրա հասավ մայրամուտը։
Բնական է, որ հազարամյակների պատմություն կրող հուշարձանը չէր կարող նման անընդգրկելի տարածք չունենալ։Իսկ այն Սեւան լճի ափերից տարածվել ու ժամանակի ընթացքում ընդարձակվել է դեպի Գեղամա լեռների փեշերը, գուցե թե մինչեւ Սուրբ Խաչ լեռան ստորոտներ։
Ավերված մատուռի ու խաչքար- տապանաքարերի կողքին Լեւոն Մկրտչյանը մեր ուշադրությունը հրավիրեց հեթանոսական դարաշրջանի կռքի արձանին, որի երկու ծայրերին նկատվում են ուռուցիկ կլորավուն քանդակներ, նրանց ներքեւում` գծանշաններ։
Մի ավերակ մատուռի կողքին էլ նկատեցինք
իններորդ դարի ոճի նմանվող խաչքարեր։
Ինչ խոսք, Հայրավանքն ու Բերդկունքի բերդ-ամրոցը պատմամշակութային հզոր ու երեւելի հուշարձաններ են, սակայն նրանցից պակաս վեհաշուք չեն նաեւ Ազատ քաղաքի ավերակները, որոնք հնագիտական ուսումնասիրության լուրջ կարիք ունեն, որոնք ահռելի գաղտնիքներ են պարունակում։
Ազատ քաղաքի գոյության մասին հիշատակել են Գեդեոն Միքայելյանը, Սեդրակ Բարխուդարյանը, Երվանդ Լալայանը, այլ հնագետներ։
Միջնադարում այն գտնվել է Դվին- Պարտավ քարավանային ճանապարհի հանգույցում։
28 դիտում