
Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը դասախոսական աշխատանք է կատարել Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում։
Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, դասախոսություններն անցկացվել են Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների համար՝ «Մշակույթների պատմություն» դասընթացի շրջանակում։ Դասախոսությանը ներկա են եղել ուսանողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եթովպիայից, Ճապոնիայից և Չինաստանից։
Դասախոսությունների թեման եղել է Հայաստանի, Անգլիայի և Իտալիայի բանահյուսության համեմատական վերլուծության շուրջ, մասնավորապես, խոսվել է երեք երկրների մշակութային բազմազանության, դրանց միջև նմանության և տարբերության, ծննդյան, հարսանեկան և մահվան ծիսակարգերին առնչվող ավանդույթների մասին։
Համեմամատական վերլուծության մեթոդով զուգահեռներ են անցկացվել նաև հայկական «Սասնա Ծռեր», անգլիական «Բեովուլֆ» և իտալական «Աստվածային կատակերգություն» էպիկական ստեղծագործությունների միջև։
Ներկաները նաև ծանոթացել են հայկական մշակութային առանձնահատկություններին, լսել հայկական ժողովրդական երգեր, դիտել «Բերդ» ազգային պարը և համեմատություն անցկացրել Հայաստանյան և իրենց երկրների մշակույթների, էպոսների և վաղ շրջանի գրական ստեղծագործությունների միջև։
Գեղամա աշխարհ