
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի պատանի նկարիչների աշխատանքները վերջերս ցուցադրվել և ուշադրության են արժանացել Մոլդովայի Հանրապետությունում։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մայիսի 20-21-ին անցկացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված երկօրյա բարձր մակարդակի համաժողովի ընթացքում Մոլդովայի հայտնի գինեգործարան և մշակութային համալիր «Castel Mimi»-ում կազմակերպված ճանաչողական այցի ընթացքում գինեգործարանի տարածքում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին ԵՄ կայուն էներգիայի շաբաթների ընթացքում վերջին տարիներին կազմակերպված նկարչական մրցույթների արդյունքում լավագույնը ճանաչված նկարչական աշխատանքներ:
Դրանց ցուցադրման շարքում, ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների, ցուցադրվել էին նաև սևանցի պատանի նկարիչների՝ Մարի Գալեյանի (2022թվական), Սյուզի Մանուկյանի (2024թվական), Միշել Գրիգորյանի (2025 թվական) աշխատանքները, որոնք ԵՄ Կայուն էներգիա շաբաթների անցկացման արդյունքում ազգային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել էին հաղթող։
Սևան համայնքում այս օրերին ընթանում է «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումների ծրագիրը, որում ընդգրկված են համայնքի նախակրթական ու կրթական հաստատությունները։
Գեղամա աշխարհ