Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի պետական համալսարանում անցկացվել է «Գավառի  բանարվեստի  մերօրյա  դրսևորումները» խորագրով բաց դաս

 

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացել է գիտագործնական ուղղվածությամբ «Գավառի բանարվեստի մերօրյա դրսևորումները» խորագրով բաց դաս, որը վարել է  Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը:

Ինչպես  տեղեկացրին ԳՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բաց դասին ներկա են եղել  հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, նաև՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, ովքեր  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ իրականացնում էին նախագծային աշխատանք՝«Բանավոր պատմությունների գանձարան» թեմայով:

Բաց դասի ընթացքում Լուսինե Ղռեջյանը հանգամանորեն ներկայացրել է  Գավառի տարածաշրջանի բանահյուսական ժառանգության հարուստ պատմությունը, անդրադարձել  դաշտային բանահավաքչական աշխատանքների մեթոդաբանությանը, բանագիտական նյութերի գրառման և հրատարակման գործընթացներին: Հատուկ անդրադարձ է կատարվել  Գավառի տարածաշրջանի բանահյուսության արդի վիճակին և կենսունակությանը ժամանակակից սոցիալ-մշակութային պայմաններում:

«Դասն անցավ փոխներգործուն մեթոդներով, ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: Աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանքների շրջանակներում իրենց գրառած բանահյուսական պատառիկներն ու նյութերը: Լուսինե Ղռեջյանը յուրաքանչյուր թեմայի շուրջ տվեց մասնագիտական պարզաբանումներ, ուղղորդեց սովորողներին գիտական ճշգրիտ ձևակերպումների հարցում: Ամփոփելով բաց դասը՝ Լուսինե Ղռեջյանը կարևորեց ազգային մշակույթի և բանարվեստի ավանդույթների շարունակականության ապահովմանն ուղղված աշխատանքները և երիտասարդ սերնդի դերը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու արժևորման հարցում»,-ներկայացրին Գավառի պետական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Գեղամա աշխարհ

10 դիտում