
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ, Ալաշկերտի, Մխիթար Հերացի, Հրաչյա Ներսիսյան, Նարեկացի և Չարենցի փողոցներում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման և մայթերի կառուցման ու սալարկման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունի քաղաքի վերոնշյալ 6 փողոցների հիմնանորոգման ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 275 միլիոն 333 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ, Ալաշկերտի, Մխիթար Հերացի, Հրաչյա Ներսիսյան, Նարեկացի և Չարենցի փողոցների երթևեկելի մասերի ասֆալտապատում՝ 2900 մետր ընդհանուր երկարությամբ և շուրջ 19 հազար քառակուսի մետր մակերեսով և ջրահեռացման և ոռոգման առուների տեղադրում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի մարտ ամսից և կավարտվեն 2026 թվականի աշնանը։
Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ, Ալաշկերտի, Մխիթար Հերացի, Հրաչյա Ներսիսյան, Նարեկացի և Չարենցի փողոցների մայթերի կառուցման ու սալարկման ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 263 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է վերոնշյալ փողոցների մայթերի կառուցում ու սալարկում՝ շուրջ 5981 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքների մեկնարկը Դավիթ Անհաղթ, Ալաշկերտ և Նարեկացի փողոցներում տրվել է 2025 թվականի սեպտեմբերից, Մխիթար Հերացի, Հրաչյա Ներսիսյան և Չարենցի փողոցներում՝ 2026 թվականի մարտ ամսից։ Մայթերի կառուցման ու սալարկման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։
Դավիթ անհաղթ, Նարեկացի, Չարենցի փողոցներում 2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 70, Հրաչյա Ներսիսյան փողոցում՝ շուրջ 30 տոկոսով։ Մխիթար Հերացի և Ալաշկերտ փողոցներում աշխատանքների մեկնարկը նոր է տրվել։
Մարտունի քաղաքի 6 փողոցների ճանապարհների երթևեկելի մասի հիմնանորոգման և մայթերի կառուցման ու սալարկման ծրագրի վրա ծախսվող ընդհանուր գումարը կկազմի 538 միլիոն 333 հազար դրամ։
Կենսական կարևոր նշանակության այս ծրագրերի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ, Ալաշկերտի, Մխիթար Հերացի, Հրաչյա Ներսիսյան, Նարեկացի և Չարենցի փողոցների հազարավոր բնակիչներ պատմության մեջ առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհներից ու սալիկապ մայթերից օգտվելու հնարավորություն կունենան՝ հիմնովին ազատվելով տասնամյակն ի վեր գոյություն ունեցող ճանապարհների անբարեկարգ ու անհրապույր վիճակի բեռից։
Գեղամա աշխարհ