
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված միջոցներով վերազինվել է ժամանակակից բժշկական համալիր սարքավորումներով։
Ինչպես տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Գարիկ Սողոմանյանը, բժշկական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի լապարոսկոպիկ սարքավորումներով, կոլոնոսկոպով, գաստրոսկոպով, որը թույլ է տալու ժամանակակից բուժսպասարկում, բուժապահովում իրականացնել: Այս վերազինումների շնորհիվ բուժառուները ստանալու են որակյալ և ժամանակակից բուժօգնություն:
«Առողջապահական ապահովագրության շրջանակներում մեր բնակիչները ակտիվ դիմում են կենտրոնին, վստահում են կենտրոնին, և ես կարող եմ վստահ ասել, որ մեր շարժը կրկնակի, եռակի անգամ շատացել է։ Ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ուռոլոգիական, վնասվածքաբանական և կրծքային վիրաբուժության միջամտություններն արդեն հնարավոր է կատարել բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ»,-հավաստեց ԲԿ տնօրենը:
Գավառի բժշկական կենտրոնը վերազինվել է նաև նոր էնդոսկոպիկ համալիրով, որը ներառում է նաև ուռոլոգիական սարքավորումներ, այդ թվում՝ ռեզեկտոսկոպ, ցիստոսկոպ, որոնք թույլ են տալիս կատարել էնդոսկոպիկ միջամտություններ՝ ուռոլոգիական խնդիրների հետ կապված: Նախկինում նույնպես կատարվել են այս միջամտությունները, սակայն նոր համալիրը թույլ է տալիս ավելի արդյունավետ, ավելի որակյալ տեսանելիությամբ կատարել էնդոսկոպիկ միջամտությունները: Նոր սարքավորումները հնարավորություն են տվել՝ մարզային բուժհաստատությունում իրականացնելու վիրահատական ցանկացած միջամտություն՝ հետվիրահատական առավել թեթև ընթացքով:
Արդիականացվել են նաև սոնոգրաֆիկ հետազոտությունները. բուժհաստատության ախտորոշիչ բաժանմունքը վերազինվել է ժամանակակից շարժական սոնոգրաֆիկ սարքով: Այն տրամադրել է Գավառի համայնքապետարանը:
Մարզային բուժհաստատության վերազինումը վերջին սերնդի սարքավորումներով ապահովում է որակյալ բուժծառայություն՝ մարզի բնակիչներին հնարավորություն տալով խուսափելու մայրաքաղաքային բուժհաստատություններ հասնելու դժվարություններից:
Գեղամա աշխարհ