
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 23 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 2 միլիարդ 213 միլիոն 317 հազար 619 դրամ։ Ներդրված ծրագրերից 16-ը սուբվենցիոն են՝ 950 միլիոն 925 հազար դրամ արժեքով, 7-ը՝ պետական՝ 1 միլիարդ 262 միլիոն 392 հազար 600 դրամ արժեքով։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Վաղաշենում կառուցվել է 25000 հազար մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 16400 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 1 դրենաժային համակարգ՝ 1,4 կմ երկարությամբ, 15 000 մետր լուսավորության ցանց, 700 մետր գազատար, 12000 մետր արոտավայրի ջրարբիացման համակարգեր, արևային ֆոտովոլտային կայան, հիմնանորոգվել 8000 մետր ներհամայնքային ճանապարհ, Վաղաշենի մանկապարտեզի և դպրոցի շենքերը։
Պետական ծրագրի շրջանակներում, 150 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, ընթացքի մեջ է Վաղաշենի ԱԱՊԿ նոր շենքի կառուցումը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2026 թվականի ընթացքում։ Պետական մեկ այլ ծրագրով 2025 թվականի ընթացքում, 200 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, վերանորոգվել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի շենքը։
Վաղաշենի մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել և արդիականացվել է 2019-2021 թվականների ընթացքում, սուբվենցիոն ծրագրով, 112 միլիոն 374 հազար դրամ արժեքով, ու վերաբացվել 2023 թվականին։ Մանկապարտեզն այժմ գործում է 3 խմբով, 90 սանով։
Գեղամա աշխարհ