
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են 10-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 10-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 111 միլիոն 700 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Զոլաքար գյուղի 10-րդ փողոցի ասֆալտապատում՝ 1100 գծամետր երկարությամբ, 5500 քառակուսի մետր մակերեսով։ Հիմնանորոգվող ճանապարհի երկայնքով տեղադրվում է ոռոգման և ջրահեռացման համակարգ՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։ Նույն ծրագրի շրջանակներում 900 մետր երկարությամբ էլ ոռոգման ջրատարի երկաթյա հին, քայքայված խողովակաշարը փոխարինվում է պոլիէթիլենային խողովակաշարով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի ապրիլի կեսերից և մայիսի 18-ի դրությամբ իրականացվել շուրջ 40 տոկոսով։
Զոլաքարի 10-րդ փողոցն ասֆալտապատվում է առաջին անգամ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
Գեղամա աշխարհ