
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղում 2026 թվականի մարտ ամսից վերսկսվել և ընթանում են մշակույթի տան նորակառույց շենքի շինարարական աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մեծ Մասրիկի մշակույթի տան նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից, 150 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 45 տոկոսը եղել է ՀՀ կառավարության, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանի մասնաբաժինը։ Ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ ընդգրկելով 2019-2020 թվականները, սակայն այն մնացել է անավարտ՝ պայմանավորված 2020 թվականի Համավարակով ու Արցախյան 44-օրյա պատերազմով։ Մեծ Մասրիկի մշակույթի տան նոր շենքի կառուցման շինարարությունն ավարտելու նպատակով ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2025 թվականին, շինարարական մրցույթը հայտարարվել նույն տարվա նոյեմբերին, իսկ շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի մարտին։
Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 76 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքներն իրականացնող «Սպիտակ Բազե» ՍՊԸ տնօրեն Վարդան Երանոսյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականի մայիսի 14-ի դրությամբ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 70 տոկոսը՝ տեղադրվել է շենքի տանիքը, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, ու առկա են բոլոր նախադրյալները՝ շինարությունն առաջիկա ամիսներին ամբողջությամբ ավարտի հասցնելու համար։
Ծրագրի իրականացման արդյունքում Մեծ Մասրիկ գյուղը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան մշակույթի տուն։
Գեղամա աշխարհ