Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի սաները դարձել են «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի առաջին շրջանավարտները  

Երևանի  «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել  «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Վկայականներ են ստացել Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցների 207 աշակերտներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վկայականների հանձնման արարողության ժամանակ նշել է, որ սա աշխարհում առաջին ծրագրերից է, որի միջոցով Արհեստական Բանականության  կրթությունը մատուցվում է ազգային մակարդակով ու  հանրակրթական համակարգում։

Ծրագիրն արդեն իսկ արժանացել է միջազգային հանրության ուշադրությանը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը ԱՄՆ-ում կայացած հեղինակավոր ASU+GSV մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում։

Ծրագրի նպատակն է՝ պատրաստել մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն դիմակայել տեխնոլոգիական դարաշրջանի մարտահրավերներին։

Ծրագրի մասնակից դպրոցներից է նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, որի սաները ստացան կրթական ծրագրի ավարտական վկայականները։

«Մեր դպրոցի ներկայացուցիչների մասնակցությունն այս միջոցառմանը ևս մեկ անգամ փաստում է, որ Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցը քայլում է ժամանակին համընթաց և կերտում է գիտակ ու նորարար սերունդ։ Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և մաղթում նորանոր հաջողություններ գիտության և տեխնոլոգիաների աշխարհում»,-նշեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը:

Արհեստական բանականության ծրագրի մասնակցության ու արդյունքների մասին իր տպավորություններով  մեզ  հետ կիսվեց Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի    մաթեմատիկայի և ԹԳՀԳ ուսուցիչ Էլմիրա Խաչատրյանը։

«Ի՞նչ տվեց ինձ Արհեստական բանականությունը։ Տարիներ շարունակ մաթեմատիկան դասավանդել եմ այնպես, ինչպես բոլորը՝գրատախտակ, կավիճ, դասագիրք։ Հետո եկավ Արհեստական բանականությունը։ Եվ ամեն ինչ փոխվեց։ Ոչ թե ես փոխվեցի, այլ ընդլայնեցի իմ հնարավորությունները, նորը սովորեցի. ԱԲ –ն  ընգրկեցի իմ դասապրոցեսում՝ այն հետաքրքիր դարձնելու նպատակով։ Դասապրոցեսում ավելացան տեսանյութեր, սահիկներ, պաստառներ, ինֆոգրաֆիկա և էլի այլ դիդակտիկ նյութեր,և այդ ամենը` րոպեների ընթացքում։ Մինչ ԱԲ-ն՝ ներկայացում պատրաստելը նշանակում էր՝ ժամերով աշխատել. ճիշտ գույն, ճիշտ տառատեսակ, ճիշտ դասավորություն , և այդ ամենը ձեռքով էի հավաքում։

Այժմ Canva AI-ով նախագծի պաստառ եմ ստեղծում 10 րոպեում և նույնը սովորեցնում աշակերտներիս, Gamma.app-ով ՝ ամբողջ սահիկաշար՝ կառուցված, գունավոր, պրոֆեսիոնալ։ Claude.ai-ն օգնում է գեղեցիկ ու ճիշտ շարադրված բովանդակություն ստանալ, իսկ ինֆոգրաֆիկայի համար կարճ, հստակ, տեսողականորեն ընկալելի տեքստ ունենալ։ Ոչ թե ձևաչափի վրա եմ ժամեր ծախսում , այլ բովանդակության ։ Սա է տարբերությունը։ Աշակերտների ներկայացումները, հակածխախոտային բուկլետները, Սևան լճի մասին ինֆոգրաֆիկաները և էլի շատ աշխատանքներ ԱԲ-ի հետ ավելի արագ, ավելի գեղեցիկ են ստացվում։

2023-24 ուստարում մեր դպրոցը ընդգրկվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ ներդրված «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում, և ես անցա բազմաթիվ վերապատրաստումներ, որոնց համար շնորհակալ եմ FAST հիմնադրամին։ Եվ եթե ինձ հիմա հարցնեն, թե ինչպես է ԱԲ-ն փոխում կրթությունը, ես կպատասխանեմ, որ ԱԲ-ն կրթությունը փոխում է 3 հիմնական մակարդակով՝ ուսուցման անհատականացում, գնահատման/հետադարձ կապի արագացում և նախագծային-ստեղծագործական աշխատանքի ընդլայնում՝ ուսուցչի դերը դարձնելով ավելի շատ մենթորական ու ուղղորդող։Այս երեք տարիների ընթացքում ես իմ աշխատանքային ընկերների հետ բազմաթիվ հետաքրքիր և բովանդակալից նախագծեր իրականացրի, որոնց ընթացքում սովորողները կառուցեցին դիագրամներ ու գրաֆիկներ ՝ Սևանի ջրի մակարդակի, ջերմաստիճանի, արևային էներգիայի տվյալների հիման վրա`կիրառելով իրենց Python իմացությունը և գրելով համապատասխան կոդեր`ստացան տեսողական արդյունք։ Սովորողները Python-ի միջոցով կատարեցին վիճակագրական վերլուծություններ՝ աշակերտական հարցման տվյալների վրա ։ Հարցման ֆայլերը դասակարգեցին և բաց պատասխանները կատեգորիաների բաժանեցին։ Ինչը նախկինում Excel-ում ժամերով էր արվում`Python-ում րոպեների հարց դարձավ։ Եվ ԱԲ-ն ամեն քայլում մեր կողքին էր. բացատրում էր կոդը, ուղղում սխալները, առաջարկում ավելի լավ տարբերակ, այսինքն`ԱԲ-ն կիրառել ենք ուսուցման նպատակով։

Եվ վերջապես,ԱԲ սովորելով , սկսեցինք տարբեր հավելվածներ ստեղծել , իսկ ԱԲ-ի ավարտական նախագիծը ամենամեծ նվերն է մեր համայնքին։ «Կարտոֆիլի հիվանդությունների ճանաչման» նախագծում ես ու իմ աշակերտները ԱԲ մոդել կառուցեցինք։ Սովորողները կիրառեցին մեքենայական ուսուցման իրենց գիտելիքները կառուցեցին CNN մոդել, ուսուցանեցին և թեստավորեցին։ Նախագծի արդյունքում ունեցանք հավելված, որը ճանաչում է կարտոֆիլի հիվանդությունը տերևի նկարից և տրամադրում է համապատասխան խորհրդատվությունը։ Ոգևորությունը մեծ էր, և սովորողներին առաջարկեցինք իրենց աշխատանքը բաց կոդով տեղադրել Գիտհաբում։ Այս աշխատանքից ոգևորված` 11-րդ դասարանի աշակերտները սկսեցին իրենց նոր նախագիծը՝ ստեղծելով էներգոխնայողության հաշվիչ ։ Նախագծի նպատակն էր՝ ուսումնասիրել տնային տնտեսությունների էներգասպառումը և գնահատել, թե ինչ գործոններ են առավել ազդում դրա վրա՝ հիմնվելով հարցաթերթիկի տվյալների և Python ծրագրավորման միջոցով կատարված վերլուծության վրա։ Արդյունքում ստացել են հավելված, որը հնարավորություն կտա՝ ներմուծել կենցաղային սարքերը և դրանց օգտագործման ժամանակը և կվերադարձնի ծախսված գումարը։ Այնուհետև հնարավորություն կտա ընտրել արևային վահանակի հզորությունը, որը կզրոյացնի սպառված էներգիայի համար վճարված գումարը։ Նշեմ որ ԱԲ-ն տալիս է․  Ուսուցիչներին ժամանակի խնայողություն՝ շաբաթական 5.9 ժամվարչական բեռի կրճատում, ավտոմատացված գնահատում,դասավանդման որակի 69 տոկոս բարելավում, առաջադիմության վերլուծություն, տվյալահեն որոշումներ, անհատականացված ուսուցում՝ անմիջական հետադարձ կապով՝ վայրկյանների ընթացքում 24/7 աջակցություն՝ ցանկացած ժամանակ, մատչելիության բարելավում բոլորի համար, հաստատություններին`ռեսուրսների արդյունավետ օգտագործում, մասշտաբայնություն՝ ավելի շատ աշակերտներ, մրցակցային առավելություն։

Ամփոփելով այս ամենը`ԱԲ-ն ինձ տվեց…Երեխաների համար ազատ ժամանակ, ստեղծագործական նոր հնարավորություններ, վստահություն Python-ի նկատմամաբ, ուսուցչի նոր դեր, ԱԲ մոդել կառուցելու կարողություն։ Եվ ամենակարևորը `ԱԲ-ն ինձ չփոխարինեց, չջնջեց ուսուցչի արժեքը, ընդհակառակը՝ ամրապնդեց այն»,-նշեց  Էլմիրա Խաչատրյանը։

Մեզ  հետ իր տպավորություններով կիսվեց նաև ԱԲ հոսքի շրջանավարտ, Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտ  Էլենա Վարդանյանը։

«Երբ իմացա, որ մեր դպրոցում գործում է ԱԲ հոսք, հետաքրքրությունից ավելի շատ հայտնվեցի, քան գիտակցված ընտրությամբ։ Բայց արդեն առաջին շաբաթներին հասկացա՝ սա ուրիշ մի բան է։ Սկսեցինք խորացված հանրահաշվից։ Ֆունկցիաներ, մատրիցներ, հավանականություններ — բայց ոչ որպես վերացական բանաձևեր, այլ որպես գործիքներ, որոնք հետո իմաստ ձեռք բերեցին։ Հետո եկավ Python-ը։ Առաջին կոդի տողն ավելի երկար ժամանակ պահանջեց, քան ամբողջ դասը։ Բայց ԱԲ-ն կողքիս էր. բացատրում էր, ուղղում, ցույց տալիս, թե ո՛ւր սխալ թույլ տվեցի՝ առանց ծաղրելու, առանց հեգնելու։ Հետո եկան ԱԲ-ի հիմունքները, մեքենայական ուսուցումը, նեյրոնային ցանցերը։ Ամեն թեմա նախորդի վրա էր կառուցվում, ամեն հմտություն հաջորդի հիմքն էր դառնում։ Շաբաթներ անց ես արդեն հասկանում էի, թե ինչ է նշանակում մոդել ուսուցանել, ինչ է CNN-ը, ինչու է կարևոր տվյալների բազմազանությունը։ Ոչ թե անգիր, այլ հասկանալով, թե ինչու։ Մեր նախագիծը իրական խնդիր լուծեց։ Թիմով կառուցեցինք CNN մոդել, որը կարտոֆիլի տերևի նկարից ճանաչում է հիվանդությունը։ Հավաքեցինք պատկերներ, մշակեցինք տվյալները, ուսուցանեցինք մոդելը, թեստավորեցինք, ուղղեցինք, նորից թեստավորեցինք։ Արդյունքում ստեղծեցինք հավելված. ֆերմերը տերևի նկար է անում, հավելվածն ակնթարթորեն ճանաչում է հիվանդությունը և տրամադրում է խորհրդատվություն՝ ինչ անել, ինչով բուժել, ինչպես կանխել։ Երբ ցույց տվեցի տանը, երկար նայեցին էկրանին, հետո ասացին. «Սա կիրառելի է»։ Ճիշտ այդ պահին հասկացա՝ ինձ հաջողվեց։ Աշխատանքը բաց կոդով տեղադրեցինք GitHub-ում՝ որպեսզի ուրիշները նույնպես կարողանան օգտվել կամ շարունակել զարգացնել։ Ապա եկավ այն, ինչ չէի սպասում։ Ավարտական նախագծի հանձնելուց հետո ստացա FAST հիմնադրամի ավարտական դիպլոմ։ Եվ հետո ՝Ֆրանսիական համալսարանի ընդունելություն, առանց քննությունների։ ԱԲ-ն ինձ տվեց այն, ինչ ոչ մի դասագիրք չէր կարող տալ։ Տվեց հարց տալու համարձակություն. «Ինչո՞ւ», «Ի՞նչ կլիներ, եթե», «Ի՞նչ կարող ենք ստեղծել»։ Տվեց սխալվելու հանդուրժողականություն. մոդելը կոտրվում է, ուղղում ես, նորից ուսուցանում — սա ոչ թե ձախողում է, այլ մեթոդ։ Տվեց թիմային աշխատանքի փորձ. մեր նախագծում ամեն ոք ուներ իր դերը, և ամեն ոք կարևոր էր։ Տվեց ճանապարհ. ոչ թե վկայական, ոչ թե գնահատական, այլ ապացույց, որ կարող եմ ստեղծել բան, որն աշխատում է և օգնում է իրական մարդկանց։ ԱԲ-ն ինձ չփոխարինեց, չմտածեց իմ փոխարեն։ Ընդհակառակը ՝ ստիպեց ավելի շատ մտածել, ավելի խորը հարցեր տալ, ավելի իմաստալից ուսուցում ստանալ։ Ուսուցիչս կար, թիմս կար, ԱԲ-ն կար , և երեքը միասին, և ոչ ոք ավելորդ չէր։ Ես ԱԲ հոսքի շրջանավարտ եմ։ Ու հպարտ եմ դրանով»,-ներկայացրեց Էլենա Վարդանյանը։

Խոսրով   Խլղաթյան

112 դիտում