
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբերով, որին մասնակցել են Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ հաղթահարելով 25 կմ երկարությամբ խճուղային երթուղին։
Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր բացմամբ, որին ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի անդամները, պետական, մարզական և հասարակական կառույցների ներկայացուցիչները:
Մրցաշարի անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ծառայողները։ Բուժօգնության ծառայությունն իրականացրել են ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական շտապ օգնության ծառայության» ՓԲԸ-ի բուժաշխատողները։
Մրցման մեկնարկը տրվել է Մեծ Մասրիկ բնակավայրից, իսկ ավարտը՝ Դարանակ բնակավայրի սկզբնամասում։
7-9-րդ դասարանների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Լճավանի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։
10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը։
Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։
Գեղամա աշխարհ