
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի հարավային բարձունքում 2022 թվականին Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցների հաշվին հիմնված ագրոանտառը, որը զբաղեցնում է 3,5 հեկտար տարածք, օրերս թարմացվել է 2000 նոր տնկիներով։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի ագրոանտառը հիմնվել է դեգրադացված վարելահողերում։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 26 միլիոն դրամ։ Այստեղ տնկվել են հիմնականում անտառային պտղատու ծառատեսակներ եւ թփեր՝ անտառային տանձ, ընկուզենի, բալենի, կեռասենի, սալորենի, մոշենի եւ մամխենի։ Ագրոանտառի հուսալի պահպանության նպատակով արդեն կառուցվել է ցանկապատ, աշխատանքներ են տարվել ոռոգման համակարգի ապահովման ուղղությամբ։ Ստեղծել է ագրոանտառի եռակի պաշտպանիչ շերտ՝ բարդի ակացիա եւ հացենի ծառատեսակներից։ Պտղատու ծառերի միջշարային հատվածներում տնկվել են են մոշի 2000 եւ մամխի 1000 հատ թփեր։
EU4Sevan բնապահպանական ծրագրի շրջանակներում հիմնված ագրոանտառը հիմնականում համալրվել է սոճենի, հացենի, ակացիա և փշարմավ ծառատեսկաների տնկիներով։
Նախաձեռնությանը սիրով միացել են նաև Ծովինարի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները՝ իրենց ներդրումն ունենալով հայրենի բնության պահպանման գործում։
«Ագրոանտառն արդեն իսկ աչքի է ընկնում իր բազմազանությամբ։ Բոլոր տնկիները, ինչպես նաև նախորդ տարիներին տնկված ծառատեսակները կենսունակ են հետագա աճի և զարգացման համար»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ