
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները փայլուն արդյունքներ են ապահովել Հունաստանում կայացած K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններում։
Մայիսի 8-13-ը Հունաստանի Սերես քաղաքում անցկացվել են K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններ, որտեղ հիանալի է հանդես եկել Սևանի K-1 Էդգար մարզասրահի ֆեդերացիայի և Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի չորս մարզիկից բաղկացած թիմը։
Նպատակասլաց մարզումների շնորհիվ չորս մարզիկն էլ դարձել են աշխարհի չեմպիոններ, իսկ 13 մարզիկից բաղկացած Հայաստանի թիմը ընդհանուր հաշվարկում գրավել է առաջին հորիզոնականը։
Սևանցի չեմպիոններն են Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Լևոն Խաչատրյանը, Վահե Խաչատրյանը, որոնք 30 երկիր ներկայացնող 2500 մասնակիցների մեջ փայլել են իրենց վարպետությամբ և պատրաստվածությամբ:
Ռազմիկ Շուշանյանը K-1 բաժնում հաղթել է Հունաստանի մարզիկին, իսկ քիքբոքսինգի բաժնում նա նաև եզրափակչում հաղթել է Կիպրոսի մարզիկին։
Հովսեփ Ղարիբյանը K-1 դիվիզիոնում հաղթել է Ալբանիայի մարզիկին, իսկ քիքբոքսինգի դիվիզիոնի եզրափակչում նոկաուտով հաղթել է Կիպրոսի մարզիկին։
Լևոն Խաչատրյանը եզրափակչում հաղթել է Վրաստանի մարզիկին և դարձել չեմպիոն։
Վահե Խաչատրյանը եզրափակչում հաղթել է Անգլիայի ներկայացուցչին և դարձել չեմպիոն։
Նման արդյունքները ոչ միայն տպավորիչ են, այլ նաև բոլորիս հպարտություն ու ուրախություն պատճառող։ Իսկ այս ամենը նպատակասլաց, ջանադիր աշխատանքի արդյունք է, որն իրականացնում են մեր մարզիչները և մարզիկները։
Արմինե Ղուկասյան