
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 3 միլիարդ 685 միլիոն 591 հազար դրամ։
12 ծրագրերից 10-ը սուբվենցիոն են, որոնց իրականացման ուղղությամբ ծախսվել է 1 միլիարդ 594 միլիոն 405 հազար դրամ։ Պետական երկու ծրագրերից մեկով , 456 միլիոն 186 հազար դրամ արժեքով, կառուցվել է 7600 մետր երկարության ոռոգման ջրատար ցանց, իսկ մյուսով, 1 միլիարդ 635 միլիոն դրամ արժեքով, այժմ հիմքից կառուցվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի շենքը։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Ծովինարում կառուցվել է 16163 մետր ոռոգման, 18243 մետր խմելու ջրատար ցանցեր, 26499 մետր արտաքին լուսավորության ցանց, Արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիր, 650 խորանարդ մետր ծավալով խմելու ջրի երկու ջրամբար, 300 մետր գազատար, հիմնանորոգվել ներհամայնքային նշանակության 28015 մետր ճանապարհ, մանկապարտեզի և մշակույթի կենտրոնի շենքերը, սալարկվել է մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակը։
Ծովինարի մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 2022-2023 թվակաների ընթացքում և բացվել 2024 թվականի մայիսից։ Այժմ մանկապարտեզում գործում է 3 խումբ, ուր հաճախում են նախադպրոցական տարիքի 90 երեխա։
Ծովինարի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մարտ ամսից։ Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2027 թվականի սեպտեմբերին։
Սուբվենցիոն և պետական ծրագրերից բացի, 2024 թվականին Գեղարքունիք-Ֆրանսիայի Իզերի մարզ համագործակցության շրջանակներում, ֆրանսիական կողմի միջոցներով, հիմնանորոգվել և վերազինվել է Ծովինարի բուժամբուլատորիայի շենքը։
Գեղամա աշխարհ