
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար այրերը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ծաղկեդրման արարողության ընթացքում հիշատակի և խոնարհումի խոսքով հանդես է եկել Գավառ համայնքի Սարուխան գյուղի 105 ամյա բնակիչ, Մեծ Հայրենականի վետերան Մեխակ Ավետիսյանը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, հոգևորականներ։
Արարողության մասնակիցներն այնուհետև ներկա են գտնվել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված հոգեհանգստյան կարգին, որը մատուցվել է Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ձեռամբ։

Սևան համայնքում Խաղաղության և հաղթանակի օրվա տոնակատարության մեկնարկը տրվել է Սևանի քաղաքային պանթեոնում, որտեղ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ կատարվել է պսակադրում ու ծաղկեդրում բոլոր ժամանակների հերոս քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշախաչքարին։
Սևանցիները հարգանքի տուրք են մատուցել նաև 2020 թվականի 44- օրյա պատերազմում անմահացած, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հուշաքարի մոտ՝ խոնարհելով ծաղիկներ։
Օրը համախմբել է բոլորին մեծ շուրջպարի շուրջ՝ մսսնակցությամբ Սևանում գործող պարային համույթների։
Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ են խոնարհել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՏԻՄ պաշտոնյաներ, հանրային ծառայողներ, պետական, ուժային կառույցների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, համայնքի բնակիչներ։
Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև Վարդենիս ու Ճամբարակ համայնքներում, որտեղ նույպես համայնքների ղեկավարներ Ահարոն Խաչատրյանի ու Վազգեն Ադամյանի գլխավորությամբ համայնքապետարանների աշխատակազմերի անդամները, կրթամշակութային հիմնարկների աշխատակիցները և անհատ քաղաքացիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայրենիքի ազատության համար իրենց կյանքերը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի գյուղական բնակավայրերում, կրթամշակութային հաստատություններում։
Գեղամա աշխարհ