
Գեղարքունիքի մարզում ավարտվել է «ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել ու հանրապետական փուլի ուղեգիր նվաճել Մարտունի քաղաքի Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Կամո Մոսոյանը, մրցաշարն անցկացվել է Գավառ քաղաքի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում։ Հանրապետական փուլի ուղեգիրը վիճարկել են մրցաշարի մարզային փուլի արգելքը հաղթահարած Ճամբարակ համայնքի Թթուջրի, Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղի, Սևան համայնքի Լճաշեն գյուղի միջնակարգ և Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը։ Որոշակի պատճառներով մրցավայր չի ժամանել Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, որը հաղթահարել էր մրցաշարի համայնքային փուլի արգելքը։
Չորս թիմերի միջև անցկացված մրցումներում «ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Մարտունու Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։
Մրցաշարի հանրապետական փուլը կկայանա մայրաքաղաք Երևանում, մայիս ամսին։
Գեղամա աշխարհ