
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման բաժնի կողմից, Ռազմական զինամթերքով աղտոտվածության ծրագրի շրջանակում, կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ի կողմից նշվող Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության միջազգային օրվան։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել հանրության իրազեկվածությունը ականների և պայթյունավտանգ զինամթերքի վտանգի վերաբերյալ, խթանել անվտանգ վարքագծի գիտելիքների տարածումը, ընդգծել հակաականային գործունեության կարևորությունը և հարգանքի տուրք մատուցել ականներից տուժած անձանց՝ նրանց պատմությունների միջոցով ամրապնդելով հանրային պատասխանատվության զգացումը։
Միջոցառմանը մասնակցել են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, ականներով վտանգված բնակավայրերի վարչական ղեկավարները, հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների տնօրենները և ուսուցիչները, փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաև համայնքային և կրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Միջոցառումը բացել է ՀԿԽԸ Ռազմական զինամթերքով աղտոտվածության ծրագրի համակարգող Գայանե Սիմոնյանը, ով ներկաներին ներկայացրել է օրվա խորհուրդը, խոսել աշխարհում և Հայաստանում ականների և պայթյունավտանգ զինամթերքի վտանգի մասին՝ ընդգծելով շարունակական իրազեկման ու կանխարգելման կարևորությունը։ Նա նաև ներկայացրել է առաջիկայում մեկնարկող «Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ ծրագիրը», որի նպատակն է՝ դպրոցներում և համայնքներում իրականացնել միջոցառումներ, որոնք կնպաստեն բնակչության պատրաստվածության և դիմակայունության բարձրացմանը։ Գայանե Սիմոնյանը ներկայացրել է ծրագրում ներգրավված կամավորներին՝ կարևորելով նրանց դերը համայնքներում գիտելիքի փոխանցման և անվտանգության մշակույթի ձևավորման գործում։
Ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, ով կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ որպես համայնքային անվտանգության մշակույթի ձևավորման կարևոր բաղադրիչ։
Տպավորիչ ելույթով հանդես է եկել նախկին զինվորական, ականից տուժած Ռուբեն Փարսադանյանը, ով պատմել է իր կյանքի դժվարությունների, հաղթահարված մարտահրավերների և ձեռքբերումների մասին՝ միաժամանակ ներկաներին փոխանցելով անվտանգ վարքագծի կարևոր ուղերձներ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր ականներից և պայթյունավտանգ զինամթերքից տուժած անձանց մասին, որոնք ևս մեկ անգամ ընդգծել են իրազեկման և մարդասիրական արձագանքի կարևորությունը։
Միջոցառման երկրորդ հատվածում Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով։
Գեղամա աշխարհ