
Մտածում եմ Տիգրան Երվանդյանի կերպարի շուրջը ու պատկերացնում այն հեռավոր ժամանակները, երբ հայոց լեռների կատարներին դեռ թևածում էր ազատության ոգին։ Պատմության փոշոտ էջերից նա ինձ նայում է ոչ թե որպես պարզապես անուն կամ սառը քանդակ, այլ որպես մի վեհանձն ու լուսավոր անհատականություն։
Պատկերացնում եմ նրան՝ վառվռուն աչքերով, ուսերին նետած արքայական ծիրանին, որի տակ բաբախում էր զինվորի տաք սիրտն ու փայլատակում քաղաքագետի սթափ միտքը։ Ըստ ավանդության՝ նա այնքան հուժկու էր, որ նրա տեսքից դողում էին վայրի գազանները, բայց նրա իրական սխրանքը ոչ թե այդ ֆիզիկական հզորության, այլ հոգու բարոյական բարձրության մեջ էր։
Իմ կարծիքով՝ պետական գործչին ամենից շատ բարձրացնում է ներքին ազատությունն ու այն արդարամտությունը, որը նման է լեռնային վճիտ աղբյուրի։
Տիգրանը չէր վախենում վճռական ու կայծակնային քայլերից, բայց միևնույն ժամանակ գիտեր ներելու և դիմացինին հասկանալու վեհանձն արժեքը։ Երբ նա կանգնած էր ճակատագրական ընտրության առաջ, նրա ներքին կողմնացույցը միշտ ցույց էր տալիս այն ճանապարհը, որն ավելի շատ լույս ու խաղաղություն էր բերում հայրենիքին, այլ ոչ թե սոսկ անձնական փառք։ Հենց այս հիշատակված վեհությունն է նրան դարձնում իդեալական կերպար դարերի ու սերունդների համար։ Մինչդեռ, ցանկացած գործիչ ցածրանում ու կորցնում է իր մարդկային դեմքը, երբ նրա մեջ արթնանում է կույր եսասիրությունը կամ ստոր դավաճանությունը սեփական սկզբունքներին։
Տիգրան Երվանդյանը կարողացավ իր պետականությունը կառուցել ոչ թե վախի, այլ վստահության ու ասպետականության ամուր հիմքերի վրա։ Տիգրան Երվանդյանը այն լուսավոր կանթեղն է մեր պատմության խորքերում, որն ապացուցեց՝ պետականությունը կառուցվում է ոչ միայն սրով, այլ նաև՝ հոգու վեհությամբ։
Նա հեռացավ՝ մեզ թողնելով մի անպարտելի դաս․ արքաները ծնվում են գահի համար, բայց պատմության մեջ մնում են միայն նրանք, ովքեր կարողանում են մարդ մնալ նույնիսկ ամենաբարձր գահերի վրա։
Ժամանակը հուշում է, որ հարկավոր է դաս առնել անցած փառքերից և իրագործել ներկա ժամանակներում։
Նարե Սիմոնյան
Վարդենիկի Հ1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի