Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ապրիլի 29-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  իրականացված սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերը տեղում դիտարկելու նպատակով:

Այցի ընթացքում ՀՀ Վարչապետին ուղեկցում էին  ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարները, պաշտոնական այլ անձինք։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը  Գավառ համայնքում էր, որտեղ նա  մասնակցեց  Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացման արարողությանը։ Վարչապետը շրջեց   մանկապարտեզում, ծանոթացավ  իրականացված աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 464 միլիոն դրամ, որի 75 տոկոսը կամ ավելի քան 348 միլիոն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ կառուցվել է 1865 քառակուսի մետ մակերեսով երկհարկանի, արդի չափորոշիչներին համապատասխան  մանկապարտեզի շենք, որը նախատեսված է 90 սաների համար։ Բերդկունքի մանկապարտեզ կհաճախեն նաեւ հարեւան Հայրավանք բնակավայրի երեխաները։

Այցի երկրորդ կանգառը Գավառ համայնքի Սարուխան  գյուղում էր, որտեղ երկրի ղեկավարը ծանոթացավ Սարուխանի  թիվ 2 միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։Դպրոցը վերանորոգվել է  ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։ 270 աշակերտի համար նախատեսված Սարուխանի դպրոցի վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 248 միլիոն  դրամ։

Այցի երրորդ կանգառը  Նորատուս բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որը վերանորոգվել է նույն  ծրագրի շրջանակում։ 340 աշակերտի համար նախատեսված Նորատուս բնակավայրի դպրոցի վերանորոգման ու արդիականացման համար պետական միջոցներից ծախսվել է ավելի քան 427 միլիոն դրամ։

Այցի չորրորդ կանգառը Մարտունի համայնքի   Ծովասար գյուղում էր, որի  մանկապարտեզի շենքը կառուցվել ու շահագործվել է վերջերս, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է ավելի քան 202 միլիոն  դրամ, որ 65 տոկոսը կամ ավելի քան 131 միլիոն  դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Արդյունքում՝ կառուցվել է երկհարկանի 650 քառակուսի մետր  ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենք, բարեկարգվել է բակը։

Այցի հինգերորդ կանգառը Մարտունի քաղաքի Երեւանյան եւ Մյասնիկյան փողոցների շինհրապարակներում էր, որտեղ այս պահին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 677 միլիոն դրամ։

Այցի վեցերորդ կանգառը Մարտունի համայնքի  Աստղաձոր գյուղում էր, որտեղ 2025 թվականի ապրիլից շահագործվել ու բացվել է   «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 927 միլիոն  դրամ, որի արդյունքում շահագործման է հանձնվել մեկհարկանի, 1290 քառակուսի  ընդհանուր մակերեսով, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքը, բարեկարգվել է բակը, տեղադրվել են 20 կիլովատտ հզորության ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչներ։

Այցի յոթերորդ կանգառը Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում էր, որտեղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեցին  150 սանի համար նախատեսված մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 358 միլիոն  դրամ, որի 75 տոկոսը կամ ավելի քան 268 միլիոն  դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ կապիտալ վերանորոգվել է երկհարկանի, արդի չափորոշիչներին համապատասխան  1600 քառակուսի մետր  ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքը, բարեկարգվել է բակը, երեսպատվել են արտաքին պատերը։

Այցի ութերորդ կանգառը Վարդենիս համայնքում էր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեցին Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների արդյունքները։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 889 միլիոն 800 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրի իրականացման արդյունքում նորոգվել է 18,9 կիլոմետր երկարության ավտոճանապարհ։

Այցի իններորդ կանգառը Վարդենիս համայնքի  Գեղամասար բնակավայրում էր, որտեղ ՀՀ Վարչապետը ներկա գտնվեց  50 սանի համար նախատեսված վերակառուցված մանկապարտեզի  բացման հանդիսավոր արարողությանը։ Սուբվենցիոն այս ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել է ավելի քան 161 միլիոն դրամ,  որտեղ ՀՀ պետական բյուջեի մասնաբաժինը ավելի քան 159 միլիոն դրամ է։

Այցի տասներորդ կանգառը Ճամբարակ քաղաքում էր, որտեղ  վարչապետը ծանոթացավ  Գ․ Նժդեհ փողոցի սկզբնամասում հենապատի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի 2024 թվականի  1-ին փուլի  պայմանագրային  արժեքը կազմել է ավելի քան 69 միլիոն  դրամ, որի արդյունքում  վերականգնվել է 135 գծամետր հենապատ և մեկ վթարային վիճակում գտնվող կամուրջ։ 2025 թվականին ծրագրի 2-րդ փուլի համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 99 միլիոն  դրամ. վերականգնվել է 256 գծամետր հենապատ։

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը շրջայց  կատարեց Ճամբարակ քաղաքում, ծանոթացավ  կենտրոնական փողոցի և Վերին Ճամբարակ թաղամասի փողոցների, ինչպես նաև Թթուջուր և Վահան բնակավայրերի Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 182 միլիոն դրամ է, որից 70 տոկոսը կամ ավելի քան 127 միլիոն  դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ թվով 10 փողոցներում կկառուցվի 11780 գծամետր նոր լուսավորության ցանց։ Ճամբարակում ընթացքի մեջ են նաև 1,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Վարչապետն այցելեց  նաև Ճամբարակի Տիգրան Մեծի 9 և Հ. Նադարյան 3 հասցեներում կառուցված վորքաութ տեսակի մարզահրապարակներում, ծանոթացավ  ստեղծված պայմաններին։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 31 միլիոն դրամ։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  աշխատանքային հագեցած այցն ավարտվեց Սևան համայնքի Լճաշեն գյուղի ջերմոցային տնտեսությունում։ Այն գործում է 2026 թվականից, մասնավոր ներդրումային ծրագրի  շրջանակներում, 3,9 միլիարդ դրամ արժեքով, 10,5 հեկտար տարածքի վրա, որտեղ բացվել է 150 աշխատատեղ։ Պետական սուբսիդիան տրամադրվել է շուրջ 390 միլիոն դրամի չափով։ Ջերմատանն արտադրվում է վարունգ և լոլիկ։

Գեղամա աշխարհ

2 դիտում