Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Խորհրդային Միության  ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Երևանում

«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից  Հայաստանում իրականացվեց ծրագիր՝ նվիրված ԽՍՀՄ ատոմային առողջապահության համակարգի հիմնադիրներից մեկի և ճառագայթային անվտանգության կայացման առանցքային գործիչ Ավետիք Իգնատի Բուռնազյանի ծննդյան 120-ամյակին:

Ինչպես      տեղեկացրեց «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, միջոցառումները համախմբեցին Հայաստանի և Ռուսաստանի գիտական, բժշկական և դիվանագիտական հանրության ներկայացուցիչներին՝ վերահաստատելով Բուռնազյանի ժառանգության արդիականությունը՝ որպես հումանիտար և մասնագիտական փոխգործակցության կարևոր գործոն: Հոբելյանական ծրագիրն անցկացվեց երկու փուլով։ Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Ա. Բուռնազյանի կյանքի վաղ տարիներին:

Ապրիլի 28-ին Երևանում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակում, «Մեր ապագան» հիմնադրամն անցկացրեց ծրագրի հիմնական միջոցառումները՝ ցուցահանդեսի բացումը և կոնֆերանսը:

«Ավետիք Բուռնազյան – 120 տարի. ժառանգություն, որը միավորում է Ռուսաստանն ու Հայաստանը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին արխիվային փաստաթղթեր, հազվագյուտ լուսանկարներ և նյութեր ռուսական ու հայկական աղբյուրներից, որոնք արտացոլում են նրա գիտական ավանդը «ատոմային առողջապահության» համակարգի ստեղծման գործում:

Ցուցահանդեսին ծանոթանալուց հետո մասնակիցներն անցկացրել են  կոնֆերանս, որի շրջանակներում քննարկվել են  ճառագայթային բժշկության զարգացման, միջուկային անվտանգության և միջազգային գիտական համագործակցության արդի հարցերը:

«Մեր հիմնադրամի համար մեծ պատիվ է՝ անդրադառնալ Ավետիք Բուռնազյանի հարուստ ժառանգությանը նրա 120-ամյա հոբելյանի տարում: Հատկանշական է հոբելյանական միջոցառումների անցկացումը հենց Հայաստանի Հանրապետությունում՝ գիտնականի պատմական հայրենիքում, ինչը կատարվածին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում: Նման մարդկանց ժառանգությունը ամուր հիմք է դրել ապագա սերունդների համար: «Մեր ապագան» հիմնադրամի առաքելությունն է՝ ոչ միայն պահպանել այդ ժառանգությունը, այլև ուղղորդել այն դեպի ապագա»,-նշել է   «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի տնօրենը։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել է Ավետիք Բուռնազյանի անգնահատելի ավանդը հայրենական և համաշխարհային ճառագայթային բժշկության ու անվտանգության կայացման և զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և նշելով Ավետիք Բուռնազյանի ժառանգությանն անդրադառնալու կարևորությունը գիտության և բժշկության զարգացման համատեքստում:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի պաշտոնական ուղերձն ընթերցել է  Ա. Ֆ. Ցիբայի անվան բժշկական ռադիոլոգիական գիտական կենտրոնի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Սերգեյ Իվանովը. «Ավետիք Իգնատևիչի անունը անխզելիորեն կապված է ԽՍՀՄ ռազմաբժշկական ծառայության, ճառագայթային և տիեզերական բժշկության զարգացման հետ: Նրա լայնամասշտաբ մտածողության, պատասխանատվության և կազմակերպչական տաղանդի շնորհիվ սեղմ ժամկետներում ստեղծվեց ատոմային ոլորտի անձնակազմի բժշկասանիտարական ապահովման միասնական համակարգ: Հենց նա է դրել երկրի ճառագայթային անվտանգության ամուր հիմքերը՝ ապահովելով միջուկային վահանի ստեղծումը և խաղաղ ատոմի զարգացումը»:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշել է, որ գիտնականի կյանքի ուղին պրոֆեսիոնալիզմի և նվիրումի օրինակ է, իսկ նրա ժառանգությունը ուղենիշ է մնում բժշկական հանրության համար: Այս համատեքստում ընդգծվել է «Մեր ապագան» հիմնադրամի և անձամբ Վահրամ Կարապետյանի ավանդը հայրենակիցների պատմական հիշողության հանրայնացման գործում:

Բովանդակային զեկույցներով հանդես են եկել  ճառագայթային բժշկության և գիտության ոլորտի առաջատար մասնագետները:

ՌԳԱ ակադեմիկոս, ՌԳԱ ռադիոկենսաբանության գիտական խորհրդի նախագահ Իգոր Ուշակովը իր «Յուրահատուկ գեներալ՝ միջուկային-տիեզերական բժշկության ոլորտում» զեկույցում նշել է․ «Այսօր իրականացավ իմ վաղեմի երազանքը՝ այցելել Հայաստան, և ահա ես այստեղ եմ՝ Բուռնազյանի հայրենիքում: Հենց ատոմային նախագծի շրջանակներում է լիարժեքորեն դրսևորվել նրա՝ որպես գիտնականի բացառիկ տաղանդը: «Մեր ապագան» հիմնադրամի աշխատանքը չափազանց կարևոր է, քանի որ այն հետևողականորեն հավաքում և գիտական շրջանառության մեջ է վերադարձնում Բուռնազյանի կյանքի և գործունեության մասին տվյալները»:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն անդրադարձել է Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը հայ մասնագետների մասնակցությանը՝ ընդգծելով Բուռնազյանի անվան կենտրոնի հետ սերտ փոխկապակցվածությունը:

 

Առանձնահատուկ ուշադրության  է արժանացել  ժամանակակից բժշկական պրակտիկային և ուռուցքաբանական օգնության զարգացմանը, որոնք հիմնված են Ավետիք Բուռնազյանի կողմից ներդրված գիտակազմակերպչական մոտեցումների վրա: Այս մասին խոսել են  Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Սեինյանը և պրոֆեսոր Սերգեյ Իվանովը:

Կոնֆերանսի ընթացքում, գիտական վերլուծություններին զուգահեռ, անդրադարձ է կատարվել   նաև Բուռնազյանի անհատականությանը: Ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել  նրա ազգականը՝ Հակոբ Թերզյանը, ով ներկայացրել է հուշեր՝ լրացնելով գիտնականի և պետական գործչի կերպարը: Ցուցահանդեսին և կոնֆերանսին ներգրավված են եղել  նաև երիտասարդության ներկայացուցիչներ:

Միջոցառումներն անցկացվել են  Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության  և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ:

Խոսրով  Խլղաթյան

 

2 դիտում