Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքում հանդիսավորությամբ նշվեց ականավոր գիտնական Ավետիք Բուռնազյանի ծննդյան 120-րդ տարեդարձը

«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ու կազմակերպչական  ջանքերով Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում  հանդիսավորությամբ  նշվեց ԽՍՀՄ ականավոր  գիտնական, ռազմաբժշկական  ծառայության գեներալ մայոր, ԽՍՀՄ առողջապահության  նախարարի տեղակալ  Ավետիք Բուռնազյանի ծննդյան 120-րդ տարեդարձը։

«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնող խումբը գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի գլխավորությամբ այցելեց Գավառ քաղաքի այն վայրեր, որտեղ ժամանակին գտնվել են Ավետիք Բուռնազյանի հայրական տունը և դպրոցական շենքերը՝ հարգանքի տուրք մատուցելու նշանավոր հայորդու  հիշատակին։ Այնուհետ նրանք այցելեցին քաղաքային գերեզմանոց  և  ծաղիկներ  խոնարհեցին Ավետիք Բուռնազյանի ծնողների շիրիմին։

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետիք Բուռնազյանի հիշատակին կատարվեց  Օրհնության կարգ՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի  և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։

Միջոցառումը շարունակվեց Գավառի երկրագիտական թանգարանում, որտեղ կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներին ու անհատ քաղաքացիներին ներկայացվեց Ավետիք Բուռնազյանի անցած քաղաքացիական, ռազմական ու գիտական ուղին։

«Ավետիք Իգնատի Բուռնազյանը ծնվել է 1906 թվականի ապրիլի 20-ին, Նոր Բայազետ  քաղաքում, մահկանացուն կնքել  Մոսկվայում։  Նա ԽՍՀՄ հայտնի բժիշկ էր,  ռազմական  և  քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Մասնակցել է  խորհրդային առաջին  ատոմային  ռումբի մշակմանը, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից  մեկն է։ Բուռնազյանը  ատոմային  բնագավառի բժշկության հիմնադիրներից  է, մասնակցել  է միջուկային սուզանավերի անձնակազմի, տիեզերական  թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման  խնդիրների լուծմանը։ Ավետիք Բուռնազյանը միաժամանակ իր մեծ ավանդն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաթանակի մեջ։   Նրա անմիջական մասնակցությամբ  ստեղծվել է  թիվ  6  կլինիկական  հիվանդանոցը, որպես  ԽՍՀՄ  Առողջապահության  նախարարության  3-րդ գլխավոր վարչության  առողջապահական  համակարգի  հիմնական  բժշկական հաստատություն։  Ավետիք  Բուռնազյանը 19241928 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև  ուսումը շարունակել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան ռազմաբժշկական  և Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1935-1940  թվականներին  եղել է Մոսկվայի մարզային կլինիկայի  և Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ռազմասանիտարական ամբիոնի ղեկավարը։ 1939 թվականին,  Երկրորդ համաշխարհային  պատերազմի ժամանակ  նա մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի  և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, իսկ 19391940 թվականներին որպես համազորային 10-րդ բանակի սանիտարական վարչության պետ,  Խորհրդա-ֆիննական պատերազմում կազմակերպում է բանակի ռազմասանիտարական աշխատանքները  և անմիջական մասնակցություն ունենում Մաններհայմի  գծի ամրությունների ճեղքմանը և վիրավորվում է մարտերից մեկի ժամանակ։

1941 թվականի դեկտեմբերից  մինչև 1943 թվականի  նոյեմբերը եղել է Կալինինյան ճակատի բժշկական ծառայության ղեկավարը։

1943 թվականի մարտի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1945 թվականի հունիսի 19-ին՝ գեներալ-լեյտենանտի։ 1945 թվականին  եղել է Հեռավորարևելյան ռազմական 1-ին օկրուգի բժշկական վարչությանպետը։ 1946  թվականին եղել է ԽՍՀՄ նախարարների  Խորհրդի 1-ին գլխավոր բժշկական ծառայության ղեկավարը։ Գավառի երկրագիտական թանգարանում բացված է Ավետիք Բուռնազյանին  նվիրված ցուցադրական անկյուն, որն առաջիկայում կհարստացվի նոր նյութերով»,-ներկայացրեց  թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը։

«Մեր դպրոցական  և  ուսանողական տարիներին  Ավետիք Բուռնազյանն արդեն հայտնի անուն էր դասագրքերում, մենք հպարտանում էինք նրանով, որ ունենք նման պանծալի համաքաղաքացի գիտնական, շատ էինք  ոգեշնչվում։ Ավետիք Բուռնազյանի, Սամվել Քոչարյանցի, Հրաչյա Բունիաթյանի, մեր համերկրացի մի շարք այլ հայտնի գիտնականների շնորհիվ է հարստացել ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային մտքի պատմությունը, նման մարդկանց  գոյությամբ  ու գործունեությամբ  է մեր պատմությունը ձեռք բերել համշարհային կշիռ  ու որակ»,-ներկայացրեց Գավառի պետական համալսարանի հումանիտար առարկաների ֆակուլտետի դեկան, դասախոս  Համլետ Ղաջոյանը։

«Մենք այսօր հատուկ  քայլեցինք Ավետիք Բուռնազյանի մանկության ու պատանության տարիների, նրա ծնողների հիշատակի  հետքերով՝ զգալու և հասկանալու համար, թե որտեղից  է սնվել  Ավետիք Բուռնազյանի միտքը, որտեղից է նա ստացել  այն էներգիան, որի շնորհիվ կարողացել է դառնալ նման կարգի մեծություն համաշխարհային գիտության մեջ։ Գնահատեք ձեր ունեցած արժեքները, ցույց տվեք հյուրերին, ցույց տվեք աշխարհին, թե որքան մեծ մարդիկ ունեք դուք, որոնց շնորհիվ ճանաչվում է մեր հայրենիքը, ճանաչվում ենք մենք։ Գնահատեք նրանց , ու կտեսնեք դրա արդյունքները։ Թվում է , թե Ավետիք Բուռնազյանի անունն ու գործը վաղուց պիտի մոռացված լինեին, քանի որ նրա մահից տասնյակ տաիներ են անցել, բայց ոչ, նրա գործը նոր-նոր  է սկսում ապրել ու շարունակվել։ Մենք գիտենք, որ նա ԽՍՀՄ գերգաղտնի մարդկանցից է եղել, նրա կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Դրա համար   հավաքում ենք համապատասխան տեղեկություններ ու հավաքածուներ նրա կյանքի  ու գործունեության մասին, որոնք սիրով կտրամադրենք Գավառի երկրագիտական թանգարանին՝ Ավետիք Բուռնազյանի ցուցադրական անկյունը հարստացնելու նպատակով»,-ներկայացրեց  «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Ես շարունակում եմ աշխատել Բուռնազյանի անվան կենտրոնում, որն հիմա ավելի է զարգացել, քան եղել է բիոֆիզիկայի ինստիտուտի ստեղծման պահին. այն այժմ ունի  շատ հիվանդանոցներ ու մասնաճյուղեր։ Դա հենց նշանակում է, որ շարունակվում է Ավետիք Բուռնազյանի անունն ու գործը։ Նրա մասին շատ էր պատմում իմ դասախոս  Լեոնիդ Իլյինը։ Նա նշում էր, թե ինչ դեր է ունեցել Ավետիք Բուռնազյանը ռադիացիոն ճառագայթումներից պաշտպանվելու միջոցների հայտնաբերման ու կիրառման գործում։ Կա մի պրեպարատ, ամենաարդյունավետ միջոցը,  ստեղծված  ԽՍՀՄ ժամանակներում, որը կոչվում Բ-192՝ հենց Բուռնազյանի պատվին։ Նրա ստեղծած ռադիացիոն պաշտպանական միջոցները հաջողությամբ ու արդյունավետորեն կիրառվել են նաեւ 1986 թվականին տեղի ունեցած Չեռնոբիլյան աղետի ժամանակ։ Ավետիք Բուռնազյանն  իր արժանին տեղն է ունեցել ԽՍՀՄ ամենաականավոր գիտնականների շարքում»,-ներկայացրեց Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկակենսաբանական գործակալության Ավետիք Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի կենսաբժշկական և ադիտիվ տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գիտաշխատող  Իգոր Ուշակովը։

«Մեզ համար այսօր կատարյալ հայտնություն եղավ՝ լինել այն քաղաքում, որտեղ ծնվել,  հասակ առել ու դպրոցական կրթություն է ստացել  մեծանուն գիտնական Ավետիք Բուռնազյանը։ Մենք շատ գոհ  ենք, որ դուք ըստ արժանվույն եք գնահատում ու մեծարում ձեր մեծանուն հայրենակցին ու նույնքան էլ հավատացած եմ, լսելով շնորհալի երեխաների ելույթները, որ այս հողը շարունակելու է ծնել Ավետիք Բուռնազյանի  նման  տաղանդներ։ Մենք պետք է ոչ միայն համատեղ հիշենք, այլ նաև պետք է համատեղ շարունակենք ու զարգացնենք այն գործը, գիտական այն ժառանգությունը, որը մեզ թողել է Ավետիք Բուռնազյանը։ Այդիսկ պատճառով  պետք է երկուստեք զարկ տանք համագործակցությանն ու եղբայրական հարաբերություններին, ավելի ամրապնդնեք մեր կապերը, մեկտեղենք մեր ջանքերը։ Տպավորված ենք հեռանում այս քաղաքից, այս գեղեցիկ միջավայրից ու բարեկամական  ջերմ մթնոլորտից»,- նշեց ՌԴ առողջապահության նախարարության  Ռադիոլոգիայի բժշկական հետազոտական ազգային կենտրոնի Ա.Ֆ. Ցիբի անվան մասնաճյուղի տնօրեն , բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստաննի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ  Սերգեյ Իվանովը։

Միջոցառումների շարքն ավարտվեց Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կազմակերպված տոնական համերգով, որի ընթացքում միջազգային մրցույթների դափնեկիր, Խաչատրյան տրիոյի ջութակահար  Կարեն Շահգալդյանը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Խաչատրյան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սոնա Բարսեղյանը հանդես եկան Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների կատարմամբ։

Ավետիք Բուռանզյանի ծննդյան 120-րդ տարեդարձին  նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ապրիլի 28-ին,  Երևանում, գիտաժողովով, ցուցահանդեսի բացմամբ ու Ավետիք Բուռնազյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

10 դիտում