Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքի բնակիչների համար ստեղծվել է ապահով տարածք

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հյուրընկալել է  Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին՝ Վարդենիս համայնքի բնակիչների համար ապահով տարածքի հանդիսավոր բացման արարողության շրջանակում։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունն իրականացվել է Վարդենիսի համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության (EU-ECHO) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն է  հայտնել  հյուրերին՝ արդյունավետ համագործակցության և համայնքի համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով դրանց դերը համայնքի զարգացման ու բնակիչների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, իրազեկվածության և կայուն բարեկեցության բարձրացման գործում։ Նա նաև հույս է հայտնել, որ ձևավորված փոխվստահության և սերտ համագործակցության վրա հիմնված համատեղ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն՝ կյանքի կոչելով նոր նախաձեռնություններ և ծրագրեր՝ ի շահ համայնքի։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Զառա Լալայանն իր հերթին   շնորհակալություն է հայտնել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ նախագծի իրականացման ողջ ընթացքում ցուցաբերած վստահության, բարձր պատասխանատվության և օրինակելի համագործակցության համար։

Ապահով տարածքի վերանորոգման և կահավորման աշխատանքներին զուգահեռ՝ Վարդենիսի համայնքին տրամադրվել են նաև վտանգի վաղ ազդարարման համակարգեր և հրատապ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) խորհրդի անդամների և համայնքի բնակիչների համար կազմակերպվել են իրազեկման ու պատրաստվածության դասընթացներ և քննարկումներ, իրականացվել է նաև պատրաստվածությունը խթանող սիմուլյացիոն վարժություն՝ նպաստելով Վարդենիս համայնքի բնակիչների իրազեկվածության, պատրաստվածության և դիմակայունության բարձրացմանը։

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Ատրին շնորհակալություն է հայտնել  Վարդենիս համայնքի ղեկավարին և ողջ համայնքին՝ շարունակական և արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև համայնքի բնակիչներին, ներառյալ տեղահանված ընտանիքներին՝ տոկունության և համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածության համար։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության անունից Կիրի Ատրին իր երախտագիտությունն է  հայտնել  նաև ՀՀ ներքին գործերի նախարարությանը, Փրկարար ծառայությանը և գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ գործընկերության, սերտ համագործակցության և համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի համար, և EU-ECHO-ին՝ անգնահատելի աջակցության և քաջալերանքի համար։

Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջայց են կատարել  ապահով տարածքում, որը նաև համայնքի երեխաների համար արվեստի կենտրոն է ծառայում, վայելել  երաժշտական ելույթները, զրուցել  երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ, լսել  ժաղովրդական գործիքների  նվագախմբի ելույթը։

Վարդենիսի համայնքի ղեկավարն ու բնակիչները, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և Վորլդ Վիժն Հայաստանի գործընկերները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել  Վարդենիս համայնքում դիմակայունության մակարդակի բարձրացմանը, բնակչության անվտանգությանն ու բարоրությանն ուղղված համագործակցությունը։

Գեղամա աշխարհ

1 դիտում