Սևանի համայնքային կենտրոնական գրադարանը համալրվել է 500 կտոր գրականությամբ
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ․ Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանը «Նյումեգ» հրատարակչության և «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության համագործակցության արդյունքում համալրվել է 500 կտոր նոր ու հանրամատչելի գրքերով:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Նյումեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը, հրատարակչության և ընկերության ներկայացուցիչներ:
Գրքի նվիրատվության արարողությանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի գրադարանավարներն ու աշխատակիցները, ընթերցասեր սևանցիներ:
Նվիրատվությունն ուղեկցվել է ելույթներով, շնորհավորանքներով, առաջիկա ծրագրերի ակնկալիք-ցանկություններով:
Գրադարանի այցելուները և ընթերցողներն այսուհետ հնարավորություն կունենան՝ ընթերցելու ժամանակակից գեղարվեստական, գիտահանրամատչելի, պատմական, մանկական, փաստավավերագրական գրականություն, որի անհրաժեշտությունը մեր օրերում առավել քան կարևորվում է: Սա նաև լավագույն հնարավորություն է՝ գրադարաններում կազմակերպելու քննարկումներ, հանդիպումներ»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան