ՔԱՆԱԳԵՂ ՀՆԱՎԱՅՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Քանագեղ հնավայրը տարածվում է Սեւանա լճի արևմտյան ափին, Սեւան-Գավառ-Մարտունի մայրուղու արեւելյան ու արեւմտյան կողմերում, Գավառ քաղաքից մոտ 12 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, Գեղարքունիք և Կարմիրգյուղ համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանի վրա։ Դժվար է հստակեցնել, թե ժամանակին որքան տարածք է զբաղեցել այս հնավայրը, քանի որ 1980-ական թթ. այստեղ կառուցված Գավառ-Մարտունի ավտոմայրուղին երկու մասի է բաժանել այն, ինչից էլ առաջին իսկ հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Քանագեղ ամրոց-բնակատեղիի սահմանները գտնվում են միայն մայրուղու արեւելյան կողմում, Սեւանա լճի ափամերձ հատվածում։ Մինչ դեռ ուշագրավ զննությունը բերում է այն համոզման, որ Քանագեղը, սկսվելով Սեւանա լճի արևմտյան ափի միջնամասում գնվող հրվանդանից, տարածվել է դեպի արեւմուտք հարյուրավոր գուցեև հազարավոր մետրերով՝ իր մեջ ներառելով հնագույն դամբարաններ, կիկլոպյան ամրոցի, միջնադարյան գյուղատեղիի մնացորդներ, մատուռ ու եկեղեցի, բարձրարվեստ խաչքարեր ու տապանաքարեր և գրեթե մեկ դար առաջ կառուցված անասնագոմեր։
Որոշ պատմաբանների ու հնագետների կարծիքով, այս տարածքը ժամանակին գտնվել է Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող Վելիքուխի և Տուլիխու երկրների սահմանագծին։ Նրանից հյուսիս, ոչ շատ հեռու, տարածվում են Ղումլուղի ամրոցն ու դամբարանադաշտը, Արծվաթռիչ մատուռը, Ագարակ միջնադարյան գյուղատեղին, Սալոյի վանքը, իսկ դեպի հարավ-արեւմուտք՝ Ցամաք ավերակ կոչվող գյուղատեղին և Սուրբ Գեւորգ մատուռը։ Պատմամշակութային նույն միջավայրում է գտնվում նաև շուրջ 10 կմ դեպի արեւմուտք տեղակայված Մրթբի ձոր հնավայրն է՝ իր կիկլոպյան ամրոցով ու հնագույն, ընդարձակ դամբարանադաշտով։ Հենց Քանագեղի արեւմտյան կողմում, մոտ 2 կիլոմետր հեռավորությամբ էլ վերջերս հնասեր Թաթուլ Տոնոյանը հայտնաբերվեց ցլակերպ վիշապաքար, ինչը փաստում է այն մասին, որ այս հնավայրը բնակեցված է մեզանից շուրջ չորս-հինգ հազարամյակ առաջ։
Գավառ քաղաքից արեւելք տարածված հնավայրերի այս խիտ ցանցը պարզորոշ հուշում է, որ Սեւանա լճին մոտիկ գտնվող այս սարահարթը միշտ եղել է խիտ բնակեցված, ինչի համար կարեւոր նախապայմաններ են հանդիսացել ջրային միջավայրն ու կենդանական աշխարհը, ինչպես նաեւ՝ միջազգային ճանապարհների հանգույցում գտնվելը։
Քանագեղի բրոնզեդարյան — երկաթեարյան ամրոցի մասին արժեքավոր տեղեկություն է թողել հայտնի հնագետ Գեդեոն Միքայելյանը՝ «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» պատմագիտական ուսումնասիրության մեջ․ «Քանագեղի ամրոց-շենը գտնվում է Կամո քաղաքից հարավ, 12 կիլոմետր հեռավորությամբ, ուր կա մի միջնադարյան ավերված գյուղատեղի, որն այժմ Կարմիրգյուղի կոլտնտեսությունն օգտագործում է որպես անասունների ձմեռանոց։ Այս վայրը, ուր գտնվում է միջնադարյան գյուղատեղին, մի ընդարձակ հրվանդան է, շուրջ 30 հեկտար տարածությամբ, փոքր անհարթություններով, 3 կողմից շրջապատված Սեւանի ջրերով։
Այս միջնադարյան գյուղի ավերակների տակ թաքնված են ավելի վաղ շրջանի՝ կիկլոպյան ամրոցի հետքեր։ Կիկլոպյան պարիսպների հետքեր երեւում են ամրոց-շենի հյուսիսարեւմտյան կողմից, այնուհետ դրանք ձգվում են դեպի արեւմուտք ու ապա հարավ, մոտ 900 մետր ընդհանուր երկարությամբ։ Ամրոց-շենի մնացած մասերը պարսպապատված չեն, քանի որ այդ մասերը խիստ քարքարոտ ու զառիթափ են։ Այդ տարածությունում եղած երեք փոքր ձորակներն էլ, որ կարող էին դեպի ամրոց հեշտ ներխուժման մատույցներ ծառայել, ափից ափ փակված են եռաշարք պարիսպներով։
Պարիսպների արտաքին կողմից նկատելի են յոթ տարբեր ձեւի ու մեծության աշտարակների մնացորդներ։ Նրանցից չորսը կիսաշրջանի ձեւ ունեն, հավանաբար ուշ շրջանում վերակառուցված, իսկ երեքը քառակուսի են՝ նման մյուս կիկլոպյան ամրոցների աշտարակներին։
Ճանապարհը, որը մտնում է ամրոց-շենը, արեւմուտքից է եւ երկու կողմից պարսպապատված մոտենում է միջնաբերդին, որը, համեմատած մյուս միջնաբերդերի հետ, շատ փոքր է՝ ավելի նման բարձրադիր կետում զետեղված մի առանձին տան կամ շինության, քան թե միջնաբերդի։
Ամրոց-շենի հյուսիսարեւմտյան մասում պահպանվել են կիկլոպյան տիպի կացարանների պատեր։ Այստեղ հետախուզական մի խրամատով պեղումներ կատարեցինք, որոնք առանձին արդյունքների չհանգեցրին, բացի խեցեղենի մանր բեկորներ ու ընտանի թռչունների ոսկորներ գտնելուց։
Ամրոց-շենի պահակետը գտնվում է երկու կիլոմետր դեպի հարավ, մի ժայռաբլուրի վրա և իրենից ներկայացնում է մի փոքր ամրոց։ Իր մեծությամբ ու տեղադրմամբ սա ոչ այլ ինչ է, քան վերը նկարագրված ամրոց շենից դուրս բերված մի պահակետ։
Ամրոցի ներսում չի նկատվում որեւէ կացարանի հետք։ Հավանորեն, այս պահակետում բնակչություն կամ զորախումբ չի եղել։ Բնակարանների հետքեր երեւում են ամրոցի շուրջը»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։
Ամրոցի հյուսիսային ու հյուսիսարեւելյան կողմերում, բնական ժայռերի խոռոչներում կա երկու քարանձավ, որոնք, հավանաբար, քարայր-կացարաններ են ծառայել։ Չի բացառվում նաեւ, որ դրանք ժամանակին օգտագործված լինեն նաեւ որպես գաղտնուղիներ։ Երեք քարայր-կացարաններ էլ, շատ ավելի մեծ չափերի ու մուտքերում քարերի շարվածքներով, գտնվում են Քանագեղ հնավայրից մոտ կես կիլոմետր հեռավորությամբ, հյուսիսարեւմտյան թեւում, հանդիպակաց լեռնալանջի ստորոտին։ Իսկ այդ քարայրների բարձունքի սարահարթի վրա նկատվում են պարիսպների հետքեր։
Ավելորդ չէ նկատել ու նշել, որ Քանագեղից մոտ 1-1,5 կիլոմետր դեպի հյուսիս, Մարտունի-Գավառ-Սեւան ավտոմայրուղու արեւմտյան կողմում, բարձրաբերձ ժայռերի գետնամերձ խոռոչներում ժամանակին եղել են շատ ավելի մեծ քարայր-կացարաններ, որոնք մինչեւ նախորդ դարի կեսերը Կարմիրգյուղի անասնապահական տնտեսությունների կողմից օգտագործվել են որպես անասունների ամառային պատսպարման վայրեր։ Պարզ է, որ այդ քարայր-կացարանները այստեղ բնակվող մարդկանց կողմից օգտագործվել են դեռեւս անհիշելի ժամանակներից։ Քանագեղ ամրոցի ու նրա վրա տարածվող միջնադարյան գյուղատեղիի ավերակների հարեւանությամբ, դեպի հարավ-արեւմուտք, տարածվում են խոշոր չափերի, շրջանաձեւ շարված ու մեծ սալաքարերով ծածկված հնագույն դամբարանները, որոնց թիվը գերազանցում է երեք տասնյակը։ Այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվել անվանի հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորած արշավախմբերի կողմից, որոնց արդյունքում հսկայական ու հավաստի տեղեկություններ են ստացվել այս հնավայրի պատմության ու բնակիչների կենսագործունեության մասին։ Աշոտ Փիլիպոսյանի իսկ վկայությամբ՝ մինչ այժմ իր ղեկավարած հնագիտական արշավախմբերի կողմից պեղվել է 11 դամբարան, իսկ ահա պեղումների ծրագրում դեռեւս մնում են շուրջ 20 դամբարաններ, որոնց բացմամբ կբացահայտվեն շատ ավելի հարուստ ու արժեքավոր հնագիտական գաղտնիքներ։
«Քանագեղի դամբարանադաշտում պեղումները սկսվել են անցած դարի 80-ական թվականներին, երբ Վարդենիս-Մարտունի-Երևան ավտոճանապարհի կառուցման պատճառով այստեղ վնասվել էին մի շարք հնագույն դամբարաններ։ Առհասարակ, դրանց քանակը հասնում է 31-ի, որոնցից առ այսօր պեղվում են 11-ը։ Պեղումներն ի հայտ են բերել հետաքրքիր ու պատմահնագիտական առումով բացառիկ արժեք ներկայացնող նյութեր, որոնք գաղափար են տալիս Սևանի ավազանում Քրիստոսից առաջ 16-7-րդ դարերում բնակված մարդկանց կենցաղի, հավատալիքների, զբաղմունքի, թողած մշակութային արժեքների, սովորույթների, մարդաբանական տիպի, այլ իրողությունների մասին։ Հայտնաբերվել են մարդկային տասնյակ կմախքներ, որոնց հիմնական մասը պահպանվել են լավ վիճակում: Պեղվել են պերճանքի առարկաներ, ընտանի կենդանիների ոսկորներ, խեցեգործական իրեր, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ, մատանիներ, գլանաձև իշխանական կնիք, թռչունների բրոնզե սնամեջ արձանիկներ, ճակատակլներ և այլ իրեր։
Վերջին երեք տարիների ընթացքում մենք պեղել ու ուսումնասիրել ենք երկու դամբարան, որտեղ հայտնաբերել ենք պարսիցծոցյան ծովախեցիներից պատրաստված պերճանքի առարկաներ։ Սա նշանակում է, որ մեր հեռավոր նախնիները դեռևս մեզանից ավելի քան 3500 տարի առաջ առևտրատնտեսական ու մշակութային կապեր են ունեցել Պարսից ծոցի երկրների հետ։ Գտել ենք նաև բրոնզե զարդեր պատրաստող կաղապար, որով հնարավոր է կանացի 7 տեսակ զարդեր պատրաստել։ Սա էլ իր հերթին ապացուցում է, որ բացի անասնապահությունից և երկրագործությունից, տեղի բնակչությունը տիրապետել է արհեստներին, ինչպես նաև՝ կիրառական արվեստի ճյուղերին։ Անցած ամռանը բացված 10-րդ դամբարանի երկու խցերում, միասին վերցրած, հաշվել ենք 33 մարդկային կմախք՝ հիմնականում բոլորն էլ լավ պահպանված։ Թիվ 11 դամբարանից, որը բացվել է այս տարի, հայտնաբերել ենք մարդկային ոսկորներ, կաշվե և բրոնզե իրերի մնացորդներ։ Թեև դամբարանի նյութն աղքատիկ է, սակայն այն ունի ամուր ու հրաշալի պահպանված շրջանաձև շարվածք, երեք մեծ սալերով ծածկված դամբանախուց։ Դամբարանը գտնվում է դամբարանադաշտի ամենաբարձր դիրքում, արևմտյան կողմի ժայռամերձ հատվածում։ Կարևորն այն է, որ այս դմբարանն ամենահիննէ և վերաբերում է մ.թ.ա. 16-15-րդ դարերին: Հույս ունենք, որ մոտակա տարիներին ևս այս տնավայրում պեղումները կշարունակվեն»,-ներկայացրեց Աշոտ Փիլիպոսյանը։
Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել՝ 2002 թվականին անձամբ ներկա գտնվելու դամբարաններից մեկի բացման աշխատանքներին։ Եվ այն, ինչ դուրս բերվեց մ.թ.ա. 17-րդ դարում կառուցված դամբարանից, պարզապես աներեւակայելի էր ու տպավորիչ։ Դամբարանի մի խցից դուրս բերվեց մեծատոհմիկ մի կնոջ կմախք, որը, բառիս բուն իմաստով, թաղված էր անհամար զարդերի մեջ․ նրա պարանոցն ու դաստակները զարդարում էին բրոնզե ապարանջաններ, բոլոր տաս մատները՝ բրոնզե մատանիներ։ Այդ զարդերը պատրաստված էին մեժ վարպետությամբ, ինչը պարզորոշ փաստում է, որ Վանի թագավորության (Ուրարտու)՝ Սեւանա լճի ավազան մուտք գործելուց շուրջ 700 տարի առաջ մեր հեռավոր նախնիները տիրապետել են թե՛ կիրառական արվեստին, թե՛ մետաղագործությանն ու այլ արհեստների։ Նույն դամբարանում էլ հայտնաբերվեց նաեւ Միտտանի թագավորության իշխանական կնիքը, ինչն իր հերթին փաստում է այստեղ գոյություն ունեցած վաղպետական կազմավորման, քաղաքական ու առեւտրական հարաբերությունների մասին։ Նույն դամբարանի մեկ այլ խցից էլ դուրս բերվեցին կնոջ ու մանկահասակ երեխայի մասունքներ։ Երեխան մոր գրկում դրվել էր ճիշտ այն դիրքում, ինչ դիրքում որ մինչ լույս աշխարհ գալը մարդ արարածը գտնվում է արգանդում։ Դամբարանից դուրս բերված մարդկային ոսկորների չափից էլ կարելի էր դատել, որ այստեղ բնակվող բրոնզեդարյան մարդիկ ունեցել են բարձր հասակ։
Հայտի ազգագևագետ ու հնագետ Երվանդ Լալայանը Քանագեղ հնավայրի միջնադարյան գյուղատեղին կոչել է Սուրբ Գեւորգ՝ ի նկատի ունենալով այնտեղ կիսավեր վիճակում պահպանված եկեղեցին։ «Երրորդ գյուղատեղին կոչվում է Սուրբ Գեւորգ, որովհետեւ այս անվամբ մի ավերակ եկեղեցի կա այստեղ։ Կան տնատեղեր եւ խաչարձաններ, առանց տապանագրերի»,-գրում է Լալայանը՝ սակայն սխալվելով, քանի որ մեկ այլ ականավոր հնագետ՝ Սեդրակ Բարխուդարյանը, իր ժամանակին գտել ու ու ընթերցել է այդ տապանագրերի վրա պահպանված տեքստերը։
Ահա Կարմիրգյուղի դոլակներ կոչված վայրի գերեզմանոցում գտնվող տապանագրերի վերծանված տեքստերը․ «Խաչքար, մեծ ժայռաբեկորից, ընկած է գյուղատեղիի գերեզմանատան մեջ, ստորին մասում՝ 4 տող։ Յիշաք Քրիստոս Աստված Զվասլին Հոգին զգերգա։ Համարվում է 13-րդ դարի խաչքար»։
«Խաչքար, մեծ եւ գեղաքանդակ, կանգնած է երեք շարքից կազմված անմշակ քարերի պատվանդանի վրա՝ ավերակ մատուռի մոտ․ միայն ստորին մասում անարվեստ, գուցե հետագայում գրված 2 տող․ ԽԱՂԱԹԻՇՆ։ Համարում ենք 13-րդ դարի»։
«Խաչքար, ընկած նախորդի մոտ, ստորին մասում 2 տող․ «ԿԱՆԿՆԵՑԱՎ ԽԱՉՍ ԳՈՒՆԴՆ ՀՈԳՈՅ ՈՒ ՓՐԿՈՒԹԵ․ հավանաբար 15-րդ դարի»։
«Խաչքար, նախորդի մոտ, պատվանդանի վրա, ստորին մասում 3 տող․ ԿԱՆԿՆԵՑԱՎ ՅԱՆՈՒՆ ԱՅԼԱՀԴԱԴԱ ՀՈԳՈՅ ՓՐԿՈՒԹԻՒՆ․ հավանաբար 15-րդ դար»։
«Խաչքար, մեծ ժայռաբեկորից, կանգնած է սուրբ Խաչ ավերակ մատուռի գավթի պատի տակ․ ստորին մասում 6 տող․ ԵՍ ՊԱՂԱՆՈՍ ԷՐԵՑՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀԱՒՐ ԻՄՈՅ ԳՈՐԳ ԻՐԻՑՈՒ․ ՅԻՇԵՑԵՔ ՔՐԻՍՏՈՍ․ Հավանաբար՝ 15-րդ դար»։
«Տապանաքար, գտնվում է Ս․ Խաչ մատուռի հետեւը, նոր գերեզմանատան մեջ, երեսին 2 տող․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՀՌՈՄԻՆ․ԹՎ․ ՌՃԼԷ/1688/»։
Սուրբ Գեւորգ բազիկիկ եկեղեցին համարվում է 13-14-րդ դարերի կառույց, սակայն կա կարծիք, որ այն ավելի հին կառույցի մասեր ունի և վերականգնվել կամ վերակառուցվել է 9-17-րդ դարերում։ Մուտքը հարավային կողմից է, ծածկը եւ սյուները փայտից են, սակայն մի սյան տակ տեղադրված քարե սյան խարիսխը պարզորոշ հուշում է, որ ժամանակին այս կառույցը կամ նրան մոտիկ գտնվող կառույցներն ունեցել են քարե սյուներ ու այլ ոճի ճարտարապետություն։
Եկեղեցին ծածկված է ժամանակակից ազբեստյա շիֆերով, իր խարխուլ, անշուք պատերով գրեթե զուրկ է ճարտարապետությունից, սակայն աչքի է ընկնում պատերի կամ խորանի մեջ ագուցված գեղաքանդակ խաչքարերով, որոնք առանձնակի շուք են տալիս հուշարձանին, մանավանդ՝ եկեղեցու մուտքի խաչքարը՝ խաղողի վազերի ու հավերժության նշանի կերտվածքով։ Սուրբ Գեւորգ եկեղեցին ունի նաեւ գավիթ ու կից մատուռ՝ գեղաքանդակ խաչքարերով ու տապանաքարերով։
Հարյուրին մոտ տապանաքարեր ու խաչքարեր կան նաեւ Սուրբ Խաչ մատուռի շրջակայքում: Դրանք ապշեցնում են իրենց կերտվածքի վարպետությամբ, քանդակների շքեղությամբ, չափսերի մեծությամբ և նախշագոտիների բազմազանությամբ։ Տապանաքարերի վրա պատկերված կենցաղային տեսարանները եւս պատկերավոր են ու խորհրդավոր՝ լեցուն միաժամանակ կյանքով ու աստվածավախությամբ՝ աշխարհիկի ու հոգեւորի կենսափիլիսոփայության մեկտեղմամբ։
Հենց Սուրբ Խաչ մատուռի շրջակայքն է այժմյան Քանագեղի ամենաերեւելի, ամենագրավիչ տարածքը, ուր առավել ցայտուն է ընդգծված հայ քարագործ-քանդակագործ վարպետների մտքի խորաթափանցությունը, անմրցելի, անկրկնելի արվեստի հարատեւությունը։ Մի տեսակ դժվար է պատկերացնել, որ վաղուց արդեն համաշխարհային հռչակ ձեռք բերած Նորատուսի բազմատեսակ, բարձրարվեստ խաչքարերը դիտելուց հետո մարդկային աչքը զմայլվի այլ խաչքարերի քանդակներով, սակայն Քանագեղի Սուրբ Խաչ մատուռի շրջակայքի խաչքար-տապանաքարերը, որոնք Նորատուսից գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորությամբ, կրկին բաց երկնքի տակ գտնվող թանգարանի հռչակ ձեռք բերելու հավակնություն ունեն։ Այստեղ կերտված խաչքար-տապանաքարերը մի քանի դարի պատմություն ունեն՝ սկսվելով 9-րդ դարից ու ավարտվելով 18-րդ դարում։ Բնական է, որ քարագործ վարպետները Նորատուսում, Քանագեղում, նաեւ Գեղամա աշխարհի բոլոր անկյուններում սերնդեսերունդ իրար են փոխանցել ու հարստացրել խաչքարագործության արվեստը՝ քարերի վրա թողնելով հայկականության հավերժական կնիքը։
Գավառ-Մարտունի մայրուղու վրա անասնահոտերի անցման նպատակով կառուցված կամուրջի հյուսիսային կողմում, ուղիղ բարձունքի ծայրին նկատելի են մի քանի տապանաքարեր, որոնցից մեկը պատկերազարդ է՝ հավերժության նշանով։ Սրանից արդեն կարելի է եզրակացնել, որ ճանապարհի շինարարության ժամանակ տակնուվրա է արվել նաեւ այստեղ գտնվող պատմական գերեզմանոցը, որի արեւմտյան հատվածն արդեն կտրվել է արեւելյան կողմից։ Հենց կամրջի դիմաց, դեպի արեւմուտք, նկատվում է լայն պարիսպը, որը ձգվում է մի քանի հարյուր մետր։
Սուրբ Խաչ կիսավեր մատուռը վերանորոգվել է 2000 թվականին, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչ Պարգեւ Ջրաղացպանյանի միջոցներով։
Խոսրով Խլղաթյան