ԾԱՌՆԱՂԲՅՈՒՐ
Գավառ քաղաքի տեսարժան, հրաշագեղ վայրերից է Թթուջրի անտառը, որը Գավառագետի ափերով ձգվում է մի քանի կիլոմետր երկարությամբ։ Այս տարածքում աննկարագելի գեղեցկություններ կան՝ քչքչան, մշտահոս ու ջրառատ Գավառագետը, երկնասլաց ու սաղարթախիտ ծառերը, հանքային ջրի աղբյուրները, միջնադարյան խաչքարերը, հնագույն տնատեղերի ավերակները, թռչունների հոգեթով դայլայլը, բազմերանգ ծաղիկներն ու բազմատեսակ սնկերը, որոնք բնության կողմից մարդուն տրված անգնահատելի պարգեւ են։
Սակայն այդ գեղեցկությունների մեջ մի այլ հրաշալիք կա, որը թաքնված է անտառի ճամփեզրին՝ հսկա ծառի արմատների տակ։ Վիթխարի այդ ծառի բնի տակից ցայտում, խայտում ու հոսում է մի սառնորակ աղբյուր, որը նախ կորչում է փշերի ու բուսական այլ համակեցությունների մեջ, ապա միախառնվում Գավառագետին։ Ցերեկային որոշակի ժամերի, երբ արեւի շողերը հաստաբուն ու հսկա ծառի սաղարթների միջից ցոլում են հաստ բնից հոսող ջրերի վրա, աղբյուրը նազում է վառվռուն, ծիածանային գույների մեջ։
Այդ աղբյուրի անունը որոշեցի կնքել Ծառնաղբյուր։
Այն գտնվում է Գավառի Թթուջրի տաղավարի դիմաց, Գավառագետի հարավային ափին։