Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի համայնքներում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Քաղաքացու օրը

 

Ապրիլի 25-ի առավոտվա ժամերից Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում ընթացել  են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վաչությունից, Սևան համայնքը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին, որի շրջանակներում նախատեսված են միջոցառումներ Սևանի բիզնես կենտրոնում և Լճաշեն բնակավայրի մշակույթի տանը, Ծովագյուղի երիտասարդական կենտրոնում:

Միջոցառման այս ձևաչափի նպատակն է «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորումը:

Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում և Լճաշենի Ր. Հովհաննիսյանի անվան մշակույթի տանը կազմակերպվել  են օրվան նվիրված մշակութային միջոցառումներ, համայնքի տարբեր բնակավայրում իրականացվում են  ծառատնկման աշխատանքներ:

Օրվա միջոցառումները միավորել  են կրթություն, երիտասարդություն, մշակույթ բաղադրիչները:

ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում տեղի է ունեցել «Մենք ենք մեր պետությունը խորագրով» բանախոսություն, որին  հաջորդել է Գանձակի երաժշտական դպրոցի և մշակույթի տան շնորհալիների մասնակցությամբ  համերգային ծրագիր և  ձեռքի աշխատանքների ցուցահանդես։

Վարդենիս համայնքի վարչական տարածքում՝ քաղաքում և բնակավայրերում, կազմակերպվել է ծառատունկ՝ որպես բնության պահպանության և սերունդների հանդեպ պատասխանատվության խորհրդանիշ։ Ակունքի  և Վարդենիս քաղաքի Մհեր մշակույթների  տներում անցկացվել  են  թեմատիկ բանախոսություններ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում տեղադրված տաղավարներում կազմակերպվել  է  ցուցահանդես-հյուրասիրություն։

Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել  տոնական համերգային ծրագիր՝ DJ KARE-ի և «By THE WAY BAND»-ի մասնակցությամբ։

Մարտունու մշակույթի կենտրոնում հրավիրված հանդիպման  բանախոսն է եղել Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը։ Մարտունի համայնքի Ծովասար գյուղի  մշակույթի կենտրոնում  ելույթ  է ունեցել   Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը։

Վարդենիկի երաժշտական դպրոցում  հանդիպում է կայացել   Հ․Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ։

Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղի  մշակույթի կենտրոնում  հանդես է  եկել  Քրիստինե Արոյանը՝ «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցույթի հաղթողը։

Հանդիպումներ ու միջոցառումներ են տեղի ունեցել  նաև Ճամբարակ համայնքի Ջիլ և Դպրաբակ բնակավայրերում։

Բոլոր նշված վայրերում բանախոսությունների ավարտից հետո կայացել է  տոնական համերգային ծրագիր։

Միջոցառումները բաց են եղել բոլոր ցանկացողների համար։

Գեղամա աշխարհ

3 դիտում