Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԴԱՆՈՅԻ ՍՈՒՐԲԸ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՏԱՊԱՆԱՔԱՐԸ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի տարածքում բազմաթիվ, անգամ անհաշվելի են պատմաճարտարապետական հուշարձանները, որոնք գոյություն ունեն եկեղեցիների, վանքերի, կիկլոպյան ամրոցների ավերակների, բրոնզեդարյան դամբարանների, միջնադարյան խաչքար-տապանաքարերի, հնագույն բնակատեղիների, մատուռների, այլ արժեքների կամ գտածոների տեսքով։
Կարմիրգյուղի պատմության հուշարձաններին անդրադարձել են հայտնի հայագետներ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, Երվանդ Լալայանը, Սեդրակ Բարխուդարյանը, Գեդեոն Միքայելյանը, Աշոտ Փիլիպոսյանը, այլ հնագետ պատմաբաններ։
Կարմիրգյուղի պատմության եւ մշակույթի հուշարձանների մանրամասն ու ամփոփ նկարագիրը տրված է Կարմիրգյուղի արժանավոր զավակ Վաչիկ Շահբազյանի ,,Կարմիրգյուղ,, գրքում։
Այդուհանդերձ, գրավոր ոչ մի աղբյուրում չկա հիշատակություն ոչ Դանոյի Սուրբ մատուռի, ոչ էլ նրանից մոտ հարյուր մետր հեռավորության վրա գտնվող օրորոցաձեւ միջնադարյան երկու տապանաքարերի մասին։
Եվ դա բնական է, քանի որ տապանաքարերը հողի տակից դուրս են բերվել միայն անցած դարի իննսունական թվականներին, իսկ Դանոյի Սուրբ մատուռը կառուցվել է ընդամենը 2024 թվականին, միջնադարյան ժամանակներում ժայռաքարի վրա քանդակված խաչերի շուրջ։
Այս երկու նորահայտ հուշարձանները գտնվում են Կարմիրգյուղի հարավ-արեւմտյան թեւում, նախկին քարի արտադրամասի մոտերքում։
Դանոյի Սուրբ նորակառույց , սրբատաշ տուֆ քարով կառուցված մատուռի ներսում կա մի չհղկված ժայռաքար, որի վրա նկատվում են քանդակված չորս խաչեր։
Ենթադրվում է, որ դրանք քանդակված կլինեն միջնադարյան ժամանակներում, իսկ տարածքն էլ, իր ժայռեղեն գոյությամբ, գուցե թե մատուռ-ճգնարան է ծառայել հավատավոր այրերի համար։
Եվ այս վայրը սրբավայր է համարվել հենց այս ժայռախաչերի գոյությամբ։
Իսկ թե ինչով է այն կապված Դանոյի անվան հետ, պարզում ենք Կարմիրգյուղի Դանիելյանների տոհմի ներկայացուցիչ, այժմ երեւանաբնակ Սամվել Դանիելյանից, ում իսկ վկայությամբ՝ 1920-ական թվականների մոտակայքում իր նախատատ Արմաղան Դանիելյանը երազում տեսնում է, որ նշված վայրում կա խաչքար, հաջորդ օրը գնում է երազում տեսած վայրը և քարափը քանդելով գտնում մատուռում գտնվող խաչքարը, ու այդ դեպքից հետո Կարմիրգյուղում տվյալ վայրը հայտնի է դառնում Դանոյի սուրբ անվանմամբ։ Այդուհետ մարդիկ այդտեղ ուխտի են գալիս ու մոմ են վառում, տարածքը համարում սրբավայր, ավելի քան մեկ դար շարունակ։
Նորակառույց մատուռի մուտքի արտաքին պատին փակցված գրությունը պատմում է վարպետ Խաչիկի կողմից 995 թվականին կառուցված հրեշտակի խաչքարի մասին, որը կանգնեցվել է Սյունյաց Վասակ թագավորի դուստր ու Գագիկ Բագրատունու կին Կատրանիդեի պատվին, ով ըստ ավանդության, շաբաթվա մեջ երկու օր պաս է պահել ու այցելել այս սրբավայր։ Այս խաչքարն ունեցել է Աստվածային զորություն եւ բուժել հիվանդություններ։
Սամվել Դանիելյանի համոզմամբ՝ այս խաչքարը եղել է հրեշտակի պատկերաքանդակով, որի վերին մասը փշրվել է արաբական արշավանքի ժամամակ, Եզիդ խալիֆի հրամանով, իսկ ներքեւի մասը պահպանվել ու այստեղ է տեղադրվել հայ բնակիչների ջանքերով։
Դանոյի Սուրբ սրբատաշ մատուռը կառուցվել է Դանոյի տոհմի ներկայացուցիչ Արեգ Դանիելյանի միջոցներով, օրհնվել 2025 թվականի սեպտեմբերի 14-ին։
Փաստորեն, այս վայրը վաղուց ոչ միայն Դանոյանների, այլ նաեւ կարմիրգյուղցիների ու այլ վայրերում ապրող մարդկանց սրբավայրն է դարձել։ Չենք կարող պնդել այս փաստերի հավաստիության շուրջ, սակայն չենք էլ առարկում, որ այս տեղանքն իր մեջ պատմական միջավայր է պարւոնակում։
Նկատելի է նաեւ, որ այս տարածքում հին ու միջնադարյան ժամանակներում եղել է բնակավայր-սրբատեղի, ուր նաեւ թաղումներ են կատարվել։
Այս մասին էլ հենց փաստում են մատուռից դեպի հարավ, Միսաք Գասպարյանի հողամասի մեջ գտնվող երկու տապանաքարերը, որոնցից մեկը կիսով չափ ու մեկ երեսով ամբողջությամբ գտնվում է հողի տակ, իսկ մյուսը լրիվ դուրս է բերված հողի տակից, ու հստակ երեւում են պատկերաքանդակները։
Պատմաբան, հնասեր Սեւակ Արեւշատյանի բնորոշմամբ` անարձանագիր այս օրորոցաձեւ տապանաքարը իր ոճով նման է մեր բնակավայրերում սփռված ու 16-րդ դարում քանդակված տապանաքարերին։
Տապանաքարի հյուսիսային կողմում որսի տեսարան է պատկերված։
Ձախ կողմում հեծյալ է պատկերված, դիմացը որսի շունն է, իսկ աջ կողմում պատկերված է ձի` առանց հեծվորի։ Ինչ-որ մեկը բռնել է ձիու սանձը։ Սա կարող է նշանակել, որ հեծվորը զոհվել է մարտում կամ որս անելիս, իսկ ձին վերադարձել էր առանց տիրոջ։ Այն կարող էր հիշեցնել ,, Հին օրերի երգը ֆիլմում հնչող Հայաստան մայրիկի երգը։
Տապանաքարի հարավային կողմում հստակ երեւում է մարդկային ֆիգուր, ով աջ ձեռքով բռնել է սափորը, ձախ ձեռքով` գինու գավը, որի վրա հավերժության նշան է պատկերված, իսկ ներքևում ուտեստներով ծանրաբեռնված սեղան է։Ավելի աջ եւս մեկ մարդկային ֆիգուր է երեւում։
Այս գեղեցիկ պատկերաքանդակը պատմում է մարդկանց վարած աշխարհիկ կյանքի մասին։Այն համարվում է հայ պատկերաքանդակային արվեստի նմուշներից մեկը, որը, անշուշտ, պետք է ներառվի Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության պետական ցանկում։
Խոսրով Խլղաթյան
3 դիտում