
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն այս տարի անցկացվելու է հունիսի 9-ից 11-ը՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո, որին ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը միանում է բազմաբնույթ միջոցառումներով, նախաձեռնություններով և մրցույթներով, որոնց մասնակիցներն են լինելու նախադպրոցական, արտադպրոցական, կրթական հաստատությունների սաներն ու աշակերտները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները և անհատներ:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ։
Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտները ներկայացնելու են «Կառուցենք կանաչ քաղաք» նախագծային աշխատանքը՝ «SECAP-ը իմ համայնքում. երիտասարդների ձայնը» աշխատարանի շրջանակներում:
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում կայանալու է «Արևային համայնք» դաս-միջոցառումը, որը ներառելու է «Էներգետիկ հետախույզներ» խորագրով կարճ տեսահոլովակների ներկայացում։
Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում շաբաթվա միջոցառումներին կմիանան թեմատիկ վիկտորինայով:
Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի կունենա «Բնությունը դատում է մարդուն և բնությանը» միջոցառում-ցերեկույթ:
Սևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կկայանա սպորտլանդիաներ՝ «Իմ կանաչ, մաքուր մոլորակը» խորագրով:
Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզը կմիանա իրազեկման բուկլետի պատրաստմամբ՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ համայնք» խորագրով:
Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի հեծանվորդները կանցկացնեն իրազեկման արշավ համայնքի բնակավայրերում, ինչպես նաև քայլարշավ և բարձունքի գրավում՝ խրախուսելով առողջ ապրելակերպը, մաքուր և անվտանգ միջավայրը:
«Կայուն էներգիա-2026»-ի շրջանակներում նախատեսվում են նաև վարպետաց դասեր՝ թղթի վերամշակմամբ տիկնիկների պատրաստում և թաղիքագործություն:
Ի թիվս այս միջոցառումների և նախաձեռնությունների՝ համայնքի կողմից հայտարարվել են մի շարք մրցույթներ։
Գեղամա աշխարհ