
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 2025 թվականի հուլիսից սկսվել և ընթանում են վերանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 497 միլիոն 874 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է դպրոցական շենքի տանիքի, հատակի, աստիճանների, միջանցքների, դասասենյակների, սանհանգույցների, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների տեղադրում, ցանկապատի կառուցում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ կարգի աշխատանքներ։
2026 թվականի մարտի 30-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են շուրջ 70 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։ Շինարարության ավարտից ու նոր գույքի ձեռքբերումից հետո Ծովագյուղի միջնակարգ դպրոցը կրթության կազմակերպման համար կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։
Գեղամա աշխարհ