Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքում այս տարի կտրվի ֆուտբոլի ակադեմիայի  և մարզական համալիրի կառուցման մեկնարկը

2026 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրատվությամբ կտրվի միջազգային չափորոշիչներին համապատասխան ֆուտբոլի ակադեմիայի եւ մարզական համալիրի կառուցման աշխատանքների մեկնարկը։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ։

Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍՆ կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների իրականացում, ինչի արդյունքում կառուցվի  սպորտային համալիր։ Առաջին փուլը կիրականացվի 2026 — 2027 թվականներին։  Համագործակցությունն իրականացվում է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլում նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների ձեռքբերում և կառուցված սպորտային համալիրի  ամբողջովին կահավորում։ Նշված շարժական գույքը ձեռք է բերելու ընկերությունը, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից։ Ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն:

Ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր մարզաձևերով  զբաղվողների թվի աճին և առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը։

Մարտի 27-ին Մարտունի քաղաքի մարզադաշտի տարածք են այցելել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ Գեղարքունի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը՝ քննարկելու ֆուտբոլի ակադեմիայի կառուցման հետ կապված առաջիկա անելիքները։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հավաստմամբ՝ այժմ Մարտունի քաղաքի համար երկու կարեւորագույն կառույցները գտնվում են նախագծման փուլում ու առկա են բոլոր նախադրյալները, որպեսզի 2026 թվականին երկու ուղղություններում էլ տրվի շինարարական աշխատանքների մեկնարկը։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հավաստմամբ՝ «Ալաշկերտ» թիմը պատրաստ կլինի տնային խաղերն անցկացնել Մարտունու մարզադաշտում ճիշտ այն օրը, երբ միջազգային չափորոշիչներին համապատասխան ու նորակառույց մարզադաշտը պատրաստ կլինի շահագործման։

Գեղամա աշխարհ

0 դիտում